ՆԱՏՕ-ի նախաձեռնությամբ՝ առաջին անգամ Մոսկվայի հետ հարաբերությունները սառեցվելուց ի վեր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի եւ դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Փիթեր Պավելի միջեւ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։
«Սա բարձր մակարդակի առաջին շփումն է ռազմական գծով ՆԱՏՕ-ի խորհրդի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները սառեցնելու որոշում ընդունելուց ի վեր»,- ընդգծել են գերատեսչությունում։
Կողմերը քննարկել են անվտանգության ապահովման խնդիրները, ռազմական գծով համագործակցության վերականգնման նախադրյալները, միջադեպերի կանխումը եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կազմակերպած միջազգային միջոցառումներում դաշինքի ներկայացուցիչների մասնակցությունը։
Գլխավոր շտաբի պետը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ռուսական կողմի մտահոգությանը՝ երկրի սահմանների մերձակայքում Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ակտիվության հետ կապված։




























