Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր` մարտի 3-ին, մերժեց ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունը` դատախազ Վարդգես Սարգսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ:
Նախորդ նիստում ամբաստանյալներից մեկի` Արտաշես Չիչոյանի պաշտպանը` Միհրան Պողոսյանը, ներկայացրել էր միջնորդություն դատախազ Վարդգես Սարգսյանին բացարկ ներկայացնելու մասին` պատճառաբանելով, որ քննչական մարմինը Արտաշես Չիչոյանի դեմ մեղադրանք է առաջադրել, հաշվի չառնելով նրա հոգեկան խիստ հուզմունքի վիճակում գտնվելու հանգամանքը, ինչը հերքել է միայն նրանով, որ Արտաշես Չիչոյանը վարորդական իրավունք ունի, որը ստացել է տարիներ առաջ:
Բացի դրանից, նա նշել էր, որ քննչական մարմինը չի տվել այն հարցի պատասխանը, թե հատկապես որ հարվածից հետո է Եղիշե Խաչատրյանը մահացել, ինչը, նրա խոսքով, շատ կարեւոր է: Ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանը նույնպես միացել էր միջնորդությանը` հավելելով, որ դատախազը պատշաճ ձեւով չի քննել վկաներին, որոնք հաստատում են իր պաշտպանյալի այլուրերգությունը. «Դատախազը իմ պաշտպանյալի այլուրեքությունը հաստաստող վկաներին հարցաքննել է դեպքից 35 օր հետո, ինչը թերացում է: Մարդուն 3 օր հետո հարցնում ես ինչ որ բանի մասին, արդեն մոռացած է լինում»: Դատական նիստը շարունակվում է:
Ըստ մեղադրանքի՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի.Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Միեւնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ` Արտաշես Չիչոյանը եւ մյուսները նույն խմբի կազմում կատարել են խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:
ԴԱՀԿ ծառայության աշխատակից Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:




























