Կան մարտահրավերներ, որոնց դիմակայել կարելի է միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի ակտիվ գործունեությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամ այցելության ժամանակ նշել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել հիմնադրամում, ծանոթացել ստորաբաժանումների գործունեության պայմաններին, նրանց կողմից իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Հանրապետության նախագահն այնուհետեւ հանդիպում է ունեցել հիմնադրամի ղեկավար կազմի հետ: Նախագահը շնորհավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ, անդրադարձել ստեղծումից ի վեր մեր պետության եւ ժողովրդի հետ հիմնադրամի անցած մարտահրավերներով լի ճանապարհին եւ առաքելությանը, այն է՝ օգնել Հայաստանին եւ Արցախին հաղթահարելու խնդիրները, դժվարությունները, կանգնել հայ մարդու կողքին:
«Այս տարիների ընթացքում հիմնադրամը կարողացել է իր գործունեությամբ նախ լուծել խնդիրներ՝ սկսած մեր ավերված գյուղերի վերականգնումից մինչեւ երկրաշարժի հետեւանքների վերացում, մեր երկու հայկական պետությունների միջեւ ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների կառուցում»,-ասել է Նախագահը` ընդգծելով, որ համայն հայության համախմբված ջանքերով, ինչպես նաեւ անհատ բարերարների օժանդակությամբ այս տարիների ընթացքում հիմնադրամը հավատարիմ է եղել իր առաքելությանը:
Հանրապետության նախագահն առանձնահատուկ կարեւորել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատանքը, որը, նրա խոսքով, Հայաստանի եւ Արցախի ղեկավարությանը, հայ եկեղեցիների առաջնորդներին, հայկական հիմնական բարեգործական հաստատություններին եւ տեղական կառույցների ներկայացուցիչներին միավորող մի յուրահատուկ մեխանիզմ է, որը որոշում է հիմնադրամի գործունեության ուղղությունները եւ հետեւողական լինում հաստատված բոլոր ծրագրերի իրականացմանը:
«Գնահատելի է, որ հիմնադրամը մշտապես աշխատել է թափանցիկ, եւ ամեն նիստի ժամանակ հատուկ ստեղծված հաշվեքննիչ հանձնաժողովը մշտապես գնահատել է հիմնադրամի գործունեությունը:
Անշուշտ, հիմնադրամի շարժիչ ուժը մեր տեղական կառույցներն են, մարդիկ, ովքեր ուղղակի սեփական ժամանակի, հնարավորությունների օգտագործմամբ կարողացել են եւ այսօր էլ կարողանում են ստեղծել այն հիմքը, որը հնարավորություն է տալիս հիմնադրամին գործունեություն իրականացնել: Կարծում եմ՝ առաջին հերթին հենց նրանց շնորհիվ է, որ հիմնադրամը վստահություն է ձեռք բերել: Թերեւս, քիչ հիմնադրամներ կան, որոնք ունեն այդքան նվիրատուներ՝ 700 հազար նվիրատու, իսկ դա նշանակում է 700 հազար մարդու վստահություն:
Ես խորապես համոզված եմ, որ հիմնադրամը պետք է շարունակի իր գործունեությունը՝ լինելով համահայկական մեր կարեւորագույն կառույցներից մեկը: Մենք՝ որպես պետություն, որքան էլ արդեն ճանապարհ անցած լինենք, միեւնույն է, դեռեւս շատ մարտահրավերներ ունենք: Կան մարտահրավերներ, որոնց դիմակայել կարելի է միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի ակտիվ գործունեությամբ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր աշխատանքի համար: Իրոք, ուրախալի է, որ հիմնադրամում կան մարդիկ՝ եւ՛ նվիրատուներ, եւ՛ տեղական կառույցի ներկայացուցիչներ, եւ՛ հենց հոգաբարձուների խորհրդի անդամներ, որոնք ի սկզբանե եղել են եւ հիմա էլ մնում են հիմնադրամի հավատարիմ բարեկամը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:






























