Ուելսի հյուսիսային Փորթմադոգ քաղաքի խանութներից մեկի աշխատակիցներն ապրանքների մեջ HMS Trafalgar տիպի ատոմային սուզանավի գծագիր են գտել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BBC-ն:
Այն գտել են գրքերով ճամպրուկի մեջ, որը խանութին անանուն բարեգործներ են նվիրել:
«Կարելի է ենթադրել, որ ինչ-որ հանգուցյալի ընտանիքի անդամները նվիրաբերել են ճամպրուկը՝ չիմանալով անգամ, թե ինչ կա դրա մեջ»,- նշել է խանութի սեփականատեր Ստելլա Փարքերը: Նա մտադիր է գտածոն վաճառել բարեգործական աճուրդում:
«Ինձ ասացին, որ եթե ռուսական շեշտադրությամբ ինչ-որ մեկը զանգահարի, կախեմ լսափողը»,- կատակել է Փարքերը:
Հավանական է, որ գծագրում պատկերված է HMS Trafalgar դասի առաջին սուզանավը, որը սկսել են շահագործել 1981 թվականին եւ դադարել գործածել 2009-ից: Բրիտանական նավատորմը յոթ HMS Trafalgar սուզանավ ունի, որոնցից ներկայում շահագործվում են միայն չորսը: Մինչեւ 2022 թվականը ծրագրվում է դրանք փոխարինել Astute նոր տիպի սուզանավերով:


























