Գերմանիայի զինված ուժերը զենքի մի քանի տեսակների համար, փաստորեն, զինամթերք չունի, հաղորդում է Die Welt-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ սառը պատերազմի ժամանակ նորմատիվներով նախատեսված էր զինապահեստներում 30-օրյա գործողությունների զինամթերք ունենալ: Սակայն այժմ մի քանի տեսակի զենքերի համար մնացել է ընդամենը մի քանի օր կիրառելու զինամթերքի պաշար:
Դրա հետ կապված Բունդեսվերը մտադիր է 2017 թվականին G36 ավտոմատ հրացանների եւ MG4 գնդացիրների համար ձեռք բերել 5,56 մմ տրամաչափի 25 մլն փամփուշտ, որոնք կտեղաբաշխեն 6 պահեստներում: Զինված ուժերից այս տեղեկությունը հաստատել են՝ չբացահայտելով գնումների արժեքը:
Նշվում է, որ զինամթերքը պետք է վնասակար նյութերի նվազագույն քանակ ունենա՝ շրջակա միջավայրին վտանգ չներկայացնելու համար:


























