Եթե Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի, ապա «Ծառուկյան» դաշինքի օգտին կքվեարկեր հարցվածների 26,4 տոկոսը: Մարտի 6-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով փետրվարի 23-ից մարտի 2-ն անցկացված նախընտրական սոցոլոգիական հարցման արդյունքներով կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների մեկնարկային ցուցանիշները:
Նրա խոսքով՝ հարցվածների 22,8 տոկոսը կքվեարկեր Հանրապետական կուսակցության օգտին: «4,3 տոկոսը կքվեարկեր «Ելք» դաշինքի օգտին, 3,9 տոկոսը՝ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության օգտին, 3,4 տոկոսը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության, 2,7 տոկոսը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության, 2,6 տոկոսը՝ ՀԱԿ-ի, 1,8 տոկոսը՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի եւ 1 տոկոսը՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության»,- նշեց Նավասարդյանը:
Նա հավելեց, որ հարցվածների 14,1 տոկոսը հրաժարվել է պատասխանել, իսկ 17 տոկոսը դժվարացել է պատասխանել: «Քարոզարշավը կարող է պատկերը շատ փոխել: 4-5 կուսակցություններ Ազգային ժողով մտնելու պոտենցիալ հնարավորություն ունեն, դրանք են՝ «Ծառուկյան» դաշինքը, Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը», ՀՅԴ-ն եւ «Ազատ դեմոկրատները»,- ընդգծեց Արամ Նավասարդյանը:




























