ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է կայուն զարգացման Հարավային Կովկասի հարցերով խորհրդական Մաքսիմ Ժեբալիին եւ Թբիլիսիում տեղակայված տարածաշրջանային հարցերով կցորդ Լուի Տուլորժին, որոնք ներկայացնելով Ֆրանսիայի կառավարությունը, ցանկություն են հայտնել ծանոթանալ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի խնդիրներին եւ քննարկել հնարավոր համագործակցության ուղղությունները:
Կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում, որին մասնակցել են շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Արտավազդ Նազարեթյանը եւ միջազգային համագործակցության եւ կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ Արման Հարությունյանը, քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի հետ քաղաքաշինության բնագավառում համագործակցության հարցեր:
Մասնավորաբար, կողմերն անդրադարձել են այդ համատեքստում համագործակցության մի շարք ուղղությունների՝ էներգաարդյունավետ եւ սեյսմակայուն շինարարություն, նորմատիվային փաստաթղթերի արդիականացում, գնագոյացում, բնակարանային ֆոնդի եւ շենքերի անձնագրավորման խնդիրներ, ինչպես նաեւ՝ Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել:
Կողմերը պայմանավորվել են հանդիպել ս/թ երկրորդ եռամսյակում առավել հանգամանալի քննարկումներ ծավալելու եւ համագործակցության կոնկրետ բնագծերը հստակեցնելու համար:




























