Քննարկվում են Թուրքմենստանի հետ գազի եւ էլեկտրաէներգիայի առեւտրի հնարավորությունները։ Համագործակցության վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով Թուրքմենստանում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Թուրքմենստանի էներգետիկայի նորանշանակ նախարար Չ.Պուռչեկովի եւ «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահ, պետնախարար Մ. Բաբաեւի հետ։
Հ. Հարությունյանի փոխանցմամբ, հանդիպումների ժամանակ քննարկվել են թուրքմենական էներգակիրների, մասնավորապես գազի եւ էլեկտրաէներգիայի առեւտրի հնարավորությունները։ Առկա են փոխադարձ հետաքրքրություններ՝ համագործակցության վերաբերյալ։ Թուրքմենական կողմը հետաքրքրված է հատկապես գազով տրանսպորտային միջոցների շահագործման հայկական փոձով։
Եռօրյա այցի շրջանակներում քննարկվել են նաեւ տարածաշրջային համագործակցության մի շարք այլ ձեւաչափեր։




























