ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջուձախ մեղադրանքներ է շաղ տալիս իր նախորդի՝ Բարաք Օբամայի վրա ու համարում, որ իրեն շրջապատում են դավադիրներ։ Sueddeutsche Zeitung-ի տեսաբան Հուբերտ Վեթցելը վստահ է , որ այն իրադարձությունները, որոնք հիմա տեղի են ունենում Թրամփի վարչակազմում, պարզաբանման կարիք ունեն։

«Մեծ հավանականությամբ կարելի է վստահեցնել, որ Բարաք Օբաման չի արել այն ամենը, ինչում նրան մեղադրում է Դոնալդ Թրամփը։ Օբաման դժվար թե կարգադրեր գաղտնալսել Թրամփին նախընտրական ժամանակաշրջանում։ Նման մեղադրանքները ավելի շուտ վկայում են այն մասին, որ Թրամփը հակված է պարայոնայի ու չի կարողանում վերահսկել իր անզուսպ խառնվածքը»,- գրում է հոդվածագիրը։

Բայց որոշ առումով Թրամփն իրավացի է՝ հատուկ ծառայությունների կամ ազգային անվտանգության մարմինների ինչ- ինչ աշխատակիցներ լրատվամիջոցներին մատակարարում են գաղտնի ու վիճահարույց տեղեկություններ։ «Այսօրվա դրությամբ այնքան հավաստի տեղեկություններ կան Թրամփի թիմի ու Ռուսաստանի շփումների մասին, որ դրանց պատահականությանը հավատալ այլեւս հնարավոր չէ։ Բայց առայսօր հայտնի չէ, թե հատկապես ինչ շփումներ են եղել»,- նկատում է Վեթցելը։

Գլխավոր հարցը՝ ինչո՞վ է պայմանավորված նման տեղեկությունների կայուն արտահոսքը։ «Թրամփն ու նրա շրջապատը համառորեն պնդում են, որ Օբաման իր շուրջ ստեղծել է դավադիր միություն, որի մեջ են հատուկ ծառայությունների, ՀԴԲ-ի, Պետդեպարտամենտի ու այլ կառավարական գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք ուզում են վնասել ու տապալել Թրամփին»,- ասվում է հոդվածում։

Դավադիրներն իրենք, ովքեր է լ նրանք լինեն, կարծես իրենց առաքելությունն այլ բան են համարում։ «Վաշինգթոնից ստացվող տարբեր տեղեկություններով, գերատեսչություններում կան իրազեկ աշխատակիցներ, որոնք Թրամփին համարում են Վլադիմիր Պուտինի խամաճիկը։ Իբրեւ ռուսական հատուկ ծառայությունները սկզբում Թրամփին օգնել են մտնել Սպիտակ տուն, իսկ հիմա շանտաժի են ենթարկում նրան»,- գրում է Վետցելը։

Երկու վարկածներից ո՞րն է ճիշտ։ «Նախագահին ուզում են տապալել Ռուսաստանի նկատմամբ սխալ քաղաքականություն վարելու համար, թե՞ իշխանական ապարատի անանուն հայրենասերներն են փորձում փրկել ԱՄՆ-ն ու ամբողջ ազատ աշխարհը։ Այս հարցի պատասխանը հայտնի չէ, գրում է հոդվածագիրը։ Հայտնի է մի բան՝ ԱՄՆ քաղաքականությունը խժռում են պարանոյան ու անվստահությունը։ Ու դա կշարունակվի այնքան, քանի դեռ Թրամփ - Ռուսաստան թեմայում վերջակետ չդրվի։ ՄԻակ ատյանը, որը կարող է լույս սփռել այդ գործի վրա, ԱՄՆ Կոնգրեսն է։ Բայց, ավաղ, այն այս թեմայի շուրջ մեծ հետաքրքրություն չի ցուցադրում», ամփոփում է հեղինակը։