Ֆրանսիայի կենդանաբանական այգում որսագողերը ռնգեղջյուր են սպանել: Ինչպես հաղորդում է BBC-ն, սա, ենթադրաբար, նմանատիպ առաջին միջադեպն է Եվրոպայում:
Այգու աշխատակիցները Վինսին՝ չորս տարեկան սպիտակ ռնգեղջյուրին նկատել են հինգշաբթի առավոտյան, Փարիզից ոչ հեռու գտնվեղ Թուարի կենդանաբանական այգու տարածքում:
Կենդանու եղջյուրներից մեկը սղոցով կտրված է եղել, հայտնել են ոստիկանությունից:
Սեւ շուկայում աֆրիկյան ռնգեղջյուրների եղջյուրները շատ թանկ արժեն, եւ այդ պատճառով որսագողերի ձեռքով ամեն ամիս մոտ 100 կենդանի է սպանվում:
Սակայն առաջին անգամ է, որ որսագողերն իրենց ավարը փնտրում են եվրոպական կենդանաբանական այգում: Չարագործները 3 անգամ կրակել են Վինսի գլխին եւ տարել եղջյուրը, որի 1 կիլոգրամը արժե 60 հազար դոլար (մի եղջյուրը մի քանի կիլոգրամ է կշռում):




























