Իսպանիայում ոստիկանությունը ձերբակալել է սկանդալային խնջույքի մասնակիցներից մեկին, որն ավարտվել էր հաշիվը վճարել չցանկացող  հաճախորդների զանգվածային փախուստով, հաղորդում է BBC-ն:

 Չորեքշաբթի նա պետք է կանգնի դատարանի առջեւ: Եւս մեկ կասկածյալ որոնվում է:

Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ, «Կարմեն»  հյուրանոցի ռեստորանում, որտեղ ավելի քան հարյուր ռումինացիներ սեղան էին պատվիրել երեխայի մկրտության հետ կապված:

Նրանք նախապես կանխավճար էին տվել:  «Նրանք պարում էին, հետո հանկարծ անհետացան: Հարյուր հոգին հեռացան մեկ րոպեի ընթացքում,- պատմել է հյուրանոցի սեփականատերը,- Նրանք բոլորը միանգամից  փախան»:

Նա ասել է, որ նախկինում երբեք նման միջադեպի չի առնչվել: Փախուստի դիմած հյուրերը չեն վճարել մոտ 2 հազար եվրո:

Ավելի ուշ պարզվել է, որ նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել նաեւ  մեկ այլ ռեստորանում, այն տարբերությամբ, որ այնտեղ հարսանյաց կապակցությամբ է եղել խնջույքը: