Երեւանում անցկացրած օրերը համալրեցին իմ կյանքի անմոռանալի հուշերի շարքը, եւ ես հյուրընկալության արվեստի մայրաքաղաք Երեւանից հաճելի տպավորություններով վերադարձա Փարիզ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Մարգարյանը Փարիզում է նախագահ Սերժ Սարգսյանի պատվիրակության կազմում:

Անն Իդալգոն շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին՝ Երեւանի եւ Փարիզի միջեւ հաստատված կապերն ընդլայնելուն եւ զարգացնելուն ուղղված հետեւողական քայլերի համար՝ հավելելով, որ իրենց հանդիպումը դիտարկում է ոչ թե սոսկ արարողակարգային, այլ լավ բարեկամի հետ կրկին հանդիպելու հրաշալի հնարավորություն:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության ու ջերմ խոսքերի համար` Երեւանի քաղաքապետն ընդգծել է, որ երկու մայրաքաղաքների միջեւ փոխգործակցության լայն դաշտ կա, որը հնարավորություն է տալիս ընդլայնել համատեղ ծրագրերը ինչպես տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման, ներդրումների ներգրավման, այնպես էլ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ համագործակցության ծրագրերի ընթացքի եւ նախանշված աշխատանքների իրականացման վերաբերյալ: