Արմավիր քաղաքում «Ծառուկյան» դաշինքի հանդիպումից րոպեներ առաջ կազմակերպիչները ստիպված են եղել բեմահարթակը քաղաքի մշակույթի տան դիմացից մի քանի մետր այն կողմ տեղափոխել Հանրապետական կուսակցության շտաբի վրա փակցված պաստառի պատճառով:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Ծառուկյան դաշինքի բեմահարթակի անմիջապես վերեւում ՀՀԿ շտաբի գովազդն է փակցված եղել եւ կազմակերպիչները ստիպված են եղել բեմահարթակը տեղափոխել մշակույթի պալատի մոտ, որտեղ պետք է ելույթ ունենա Գագիկ Ծառուկյանը:
Լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի պատասխանատուն նշել է, որ մարտի 8-ին մշակույթի տանը վարչապետը հանդիպում է ունեցել ՀՀԿ ներկայացոցիչների հետ, որի ժամանակ հրահանգել է մշակույթի տունը քաղաքական ուժերի գովազդի օբյեկտ չօգտագործել: Նրա խոսքով, չնայած վարչապետն հրահանգել է հեռացնել կուսակցության թեկնածուների պաստառները, բայց ընտրական շտաբը գովազդող պաստառը չի հեռացվել:
Ի դեպ բեմահարթակի տեղափոխման ժամանակ երկաթյա ձողն ընկել է այն տեղափոխող երիտասարդի վրա, սակայն, բարեբախտաբար, նա լուրջ վնասվածքներ չի ստացել:



























