Արցախյան հակամարտության լուծման գործընթացում Հայաստանի կողմից զիջումներն անընդունելի են: Այս մասին հայտարարել է ՀՅԴ-ից պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանը՝ մարտի 9-ին Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր ելույթի ժամանակ (ֆոտոռեպորտաժ):
«Եթե մենք այդ հարցում զիջումների գնանք, ապա պատերազմը շատ ավելի վաղ կսկսվի, եւ մենք մեծ կորուստներ կունենանք, իսկ թշնամին կհասնի մինչեւ Զանգեզուր ու Վարդենիս», - ասել է նա:
Աղվան Վարդանյանը հավելել է, որ նախկինում Հայաստանն արդեն հաղթել է եւ այժմ անհրաժեշտ է պահել այդ ձեռքբերումները, այլ չզիջել նրանց, ովքեր ոչ մի զիջում էլ չեն ցանկանում: «Եթե նրանք չեն ցանկանում խոսել մեզ հետ փոխզիջումների մասին, ինչո՞ւ մենք պետք է փորձենք խոսել նրանց հետ այդ մասին», -ասել է նա:
Հիշեցնենք, որ 2017-ի մարտի 5-ին Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, իսկ Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան սույն թվականի ապրիլի 2-ին:




























