Եթե կա մի կուսակցություն, որն ամենաշատն է քայքայել մեր անվտանգությունն ու ապահովել հետընթաց, դա Հանրապետական կուսակցությունն է։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, Երեւանի Կոնդ թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, պատգամավոր Լեւոն Զուրաբյանը։

«Հանրապետական կուսակցության կարգախոսն է «Անվտանգություն եւ առաջընթաց», եթե կա մի կուսակցություն, որն ամենաշատն է քայքայել մեր անվտանգությունը եւ ապահովել միայն հետընթաց, դա Հանրապետական կուսակցությունն է։ Այն հանգամանքը, որ միայն 18 տարի հետո հանդես է գալիս անվտանգություն կարգախոսով, նշանակում է՝ հենց իրենք են խոստովանում, որ տապալել են անվտանգության խնդիրը։ Եւ ինչո՞ւ են ձախողել. որովհետեւ 18 տարի զբաղված են եղել երկիրը կեղեքելով, կոռումպացնելով, հարստանալով»,- հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ երկիրը հայտնվել է ծանր վիճակում եւ գտնվում է ադրբեջանական ագրեսիայի վտանգի տակ։

«Հիմա մեր ասածը հետեւյալն է. մենք այսօր շատ ծանր վիճակում ենք հայտնվել, ժողովդուրդը պետք է հասկանա, որ մեր երկրի վրա եկել է մի շատ ծանր վտանգ՝ ադրբեջանական ագրեսիայի վտանգը։ Մենք վերջապես պետք է էս նիրհից դուրս գանք ու հասկանանք, որ 18 տարի կորցրած ժամանակի պատճառով հասել ենք մի իրավիճակի, որ մեր երկիրը շատ անպաշտպան վիճակում է։  Մենք արագ պետք է քայլեր ձեռնարկենք։ Եւ դրա համար կա Կոնգրեսի խաղաղության ծրագիրը, որն  առաջարկում ենք մեր ժողովրդին»,- ասել է պատգամավորը։