Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը համարում է, որ «մի խումբ անկախ լրագրողներ, լրատվամիջոցներ ու քաղաքական գործիչներ» երկրում վարում են ստի ու զրպարտանքի արշավ, այդ թվում իր դեմ։ Այս մասին ասվում է պետության ղեկավարի պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա կայքում։

«Առանձին լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում նման արշավ է միտումնավոր իրականացվում արդեն մի քանի տարի ու այն հատկապես ուժեղացել է անցած տարվա ամառվանից։ Ստի, զրպարտանքի արշավ։ Խոսքի ազատության՝ մեր ժողովրդի համար սրբազան սկզբունքների լկտի ու անբարոյական փոխարինում ստով ու զրպարտանքով»,- գրում է Աթամբաեւը։

Նա լրագրողներին հիշեցրել է, որ նրանց խնդիրն է օբյեկտիվ տեղեկությունները տարածելը, այլ ոչ թե ֆեյքային նորությունները։ Աթամբաեւի խոսքով այս արշավի նպատակն է իրավիճակի ապակայունացումը հանրապետությունում՝ գալիք ընտրությունների նախօրեին։