Հարավային Կովկասի համար սպառնալիքները դադարել են բխել հենց տարածաշրջանից: Նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ելույթ ունենալով Երեւանում այսօր մեկնարկած «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստում:
Նրա խոսքով՝ 10 տարի առաջ տարածաշրջանային խաղացողներից մեծ մասի համար սպառնալիքները գալիս էին տարածշրջանային մյուս մասնակիցների կողմից. վրացիները սպառնալիք էին ներկայացնում աբխազների եւ օսերի, ադրբեջանցիները՝ ղարաբաղցիների, հայերը՝ ադրբեջանցիների համար:
Պատմական չափանիշներով չնչին՝ 10-15 տարվա ընթացքում պատկերը փոխվել է. տարածաշրջանի համար սպառնալիքի մեծ մասը գալիս է դրսից. «Փոխվում է տարածաշրջանի մենթալ քարտեզը եւ ոչ միայն», - նշեց քաղաքագետը՝ որպես պատկերավոր օրինակ բերելով, որ հիմա բոլորը գիտեն որտեղ է գտնվում Մոսուլը եւ արաբերենի թարգանիչ էլ դժվար չէ գտնել: «Կայուն Մերձավոր Արեւելք, ինչպիսին կար 10-15 տարի առաջ, չի լինելու», - նշեց Իսկանդարյանը:




























