Եվրախորհրդարանի ղեկավարի տեղակալ, գերմանական Ազատ դեմոկրատական կուսակցության անդամ Ալեքսանդր Լամբսդորֆը հանդես է եկել հօգուտ  Եվրոպական Միության տարածքում թուրք նախարարների քարոզարշավային քաղաքականությունն ամբողջությամբ արգելելու: «Եվրամիությունը պետք է միասնական ուղղություն մշակի, որի համապատասխան թուրք նախարարներին կարգելվի նախընտրական ելույթներ ունենալ ԵՄ-ում»,- Die Welt պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է քաղաքական գործիչը: 

Ալեքսանդր Լամբսդորֆը հավանությամբ է խոսել հանգստյան օրերին Նիդեռլանդների իշխանությունների՝ երկրի տարածքում երկու թուրք նախարարների հանրահավաքը կանխելու մասին:

Գերմանական Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունից եվրախորհրդարանի պատգամավոր Էլմար Բրոքը եւս կարծում է, որ անհրաժեշտ է արգելել բոլոր օտարերկրյա քաղաքական գործիչների նախընտրական հանրահավաքները:

«Էրդողանը վախենում է պարտվել երկրի սահմանադրությունը փոխելու հանրաքվեի ժամանակ: Նա առճակատում է փնտրում Եվրոպայի հետ, որպեսզի հանրաքվեի ժամանակ քվեարկությունը վերածի թուրքական պատվի հարցի: Մենք պետք է խախտենք նրա ծրագրերը»,-ընդգծել է Բրոքը:

Հանգստյան օրերին Նիդեռլանդների իշխանությունները թույլ չեն տվել երկիր մուտք գործել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուին, ով մտադիր էր ելույթ ունենալ Ռոթերդամում գտնվող թուրքական հյուպատոսարանում: Վերջինիս ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Նիդեռլանդներում: Երկրից նաեւ արտաքսվել է  Թուրքիայի ընտանիքի ու սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Սահյան Կայան: Տեղի իշխանությունները նրան «անցանկալի օտարերկրյա քաղաքացի» են հայտարարել: