Թուրքիայի կողմից ռուսական «Էս-400» զենիթհրթիռային համալիրների գնման հարցը դեռ քննարկվում է, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հյուսեյն Դիրիոզը։
«Թուրքիան դիտարկում է իր հակահրթիռային պաշտպանության տարբերակները։ Էս-400-ը նույնպես այդ առումով դիտարկվում է, չնայած ոչ մի որոշում դեռ չի կայացվել։ Ես կարծում եմ, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է»,- ասել է նա։
Փետրվարին Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ էս 400-ի մատակարարումների վերաբերյալ ռուս- թուրքական բանակցությունները «դրական հունով են ընթանում»։
Ավելի վաղ Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հաստատել էր, որ Մոսկվան ու Անկարան բանակցում են Էս 400 «Տրիումֆ» համալիրների մատակարարման մասին, որոնք նախատեսված են օդային հարձակման հեռու ու միջին հեռահարության բոլոր ժամանակակից ու հեռանկարային միջոցների խոցման համար՝ այդ թվում ռազմավարական ռմբակոծիչների, մարտական բալիստիկ ու թեւավոր հրթիռների, հիպերձայնային նշանակետերի։



























