ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ապրիլին կայցելի Ճապոնիա ու ԻՆդոնեզիա իր ասիական շ՛րջագայության շրջանակում։

Միաժամանակ աճում են մտավախությունները, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կհրաժարվի նրա նախորդի՝ Բարաք Օբամայի կողմից նախաձեռնված «դեպի Ասիա շրջադարձից»։Թրամփն արդեն դուրս է եկել Տրանսխաղաղօվկիանոսյան առեւտրային գործընկերությունից, որը համարվում էր այդ ռազմավարության տնտեսական հենասյունը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Պարբերականի տվյալներով, շրջագայության մեջ կընդգրկվեն նաեւ Հարավային Կորեան ու Ավստրալիան, եւ առանցքային թեմաներից են լինելու Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրերն ու Հարավային Կորեայի քաղաքական ճգնաժամը։

Ակնկալվում է, որ Փենսը կայցելի նաեւ Տոկիո, որպեսզի մասնակցի ճապոնա- ամերիկյան տնտեսական երկխոսությանը։

Այցը անցնելու է Հյուսիսային Կորեայում հրթիռների արձակման, նաեւ Մալայզիայում Կիմ Չեն Ընի եղբոր սպանության հետ կապված տարածաշրջանի անհանգստության ֆոնին։