Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը հայտարարել է, որ կփորձեր արգելել թուրք նախարարների մուտքը երկիր՝ մասնակցելու համար Թուրքիայում սահմանադրական հանրաքվեին նվիրված հանրահավաքներին, հաղորդում է Reuters-ը:

«Մենք կփորձեինք արգելել՝ ելնելով հասարակական անվտանգությունից»,- հայտարարել է Քերնը:

Ավելի վաղ Նիդեռլանդները թույլ չէր տվել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի օդանավի վայրէջքը: Չավուշօղլուն մտադիր էր Ռոտերդամում մասնակցել Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին նվիրված հանրահավաքին:

Էրդողանը սպառնացել էր պատասխան միջոցառումներ կիրառել: Չավուշօղլուն էլ Նիդեռլանդները համարել էր «ֆաշիզմի մայրաքաղաք»:

Ավելի ուշ Թուրքիան դիվանագիտական նոտա էր հղել Նիդեռլանդներին՝ հայտարարելով Վիեննայի դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիայի խախտման մասին: Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմար Չելիկն էլ հայտարարել է, թե Անկարան անկասկած Նիդեռլանդների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի: