Արագաչափեր պետք է լինեն միայն մայրուղիներում, փողոցներում չպետք է լինեն: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ծառուկյան» դաշինքից թիվ 2 ընտրական տարածքում (Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ) առաջադրված թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը:

Թեկնածուն դեմ է նաեւ ամրագոտիներին. «80 տոկոսը իմիտացիա են անում ամրագոտի կապելու: Դա սխալ է, հենց  դա է ստեղծում վթարային իրավիճակներ, որովհետեւ հենց տեսնում են ոստիկանի մեքենան, միանգամից խառնվում են իրար»:

Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողմից ընտրողներին խոստումներ տալուն, Զոհրաբյանը դրա մեջ վատ բան չի տեսնում եւ ընտրակաշառք չի համարում. «Էդ մարդը միշտ օգնել է:  Դա ընտրություններից առաջ էլ է արվել, ընտրություններից հետո էլ է արվելու: Իմ անձնական քարոզարշավի ժամանակ մարդիկ մոտենում են տարբեր սոցիալական հարցերով, մեկը աչքի վիրահատության կարիք ունի, մեկը՝ դեղի, բայց մենք փորձում ենք նրանց հասկացնել, որ կա առողջապահության ոլորտ, ուղղություն ենք ցույց տալիս մարդուն: Եթե մարդն ունի աղբահանության խնդիր, ասում ենք՝ դիմեք Սանիտեքին:  Ճանապարհներն ենք ցույց տալիս, բայց մարդիկ մեղավոր չեն, որ տարրական սահմանադրությունը չգիտեն»: