Փարիզում ԱՄՀ-ի գրասենյակում պայթյունի գործի հետաքննությունը հանձնարարվել է դատախազության հակաահաբեկչական բաժնին, հայտնում է «Ֆրանս Պրեսը»:

Գործակալության տեղեկություններով՝ հետաքննությունը հանձնարարվել է ահաբեկչության դեմ պայքարի SDAT բաժանմունքին եւ ներքին անվտանգության գլխավոր վարչությանը (DGSI, հակահետախուզություն):

ԱՄՀ-ի ղեկավար Քրիսթին Լագարդը դատապարտել է Փարիզի կենտրոնակայանում պայթյունը եւ հայտնել, որ Հիմնադրամը պայթյունի հետաքննության շուրջ աշխատում է Ֆրանսիայի իշխանությունների հետ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հիմնադրամի Փարիզի կենտրոնակայանում պայթյունի հետեւանքով մեկ մարդ տուժել է: Պատահարի վայրում աշխատում են ոստիկանության եւ հրշեջ ծառայության աշխատակիցները: Ոստիկանությունը շենքում գտնվող մարդկանց տարհանել է: