Թատրոնը կարեւորության տեսանկյունից մեծ տարբերություն չի տեսնում միջազգային փառատոներում ու Հայաստանի մարզերում, շրջաններում, սահմանում ելույթ ունենալու մեջ: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ում գլխավորած թատերական խումբը, «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում եղել է Նոյեմբերյանում, Բերդավանում ու Բարձրունիքում (Վայոց Ձոր), որտեղից վերադարձել է մարտի 15-ին:

«Յուրաքանչյուր քաղաքացի՝  անկախ նրանից, թե որտեղ է ապրում, չպետք է որեւէ բանով զգա իրեն շրջանցված, առավել եւս մշակույթի հարցում»,– նշեց նա:

Ռուբեն Բաբայանի խոսքով, շուտով էլի կլինեն նման հյուրախաղեր Լճաշեն գյուղում, Կապանում, Վայոց Ձորում եւ Արցախում, որտեղ հանդես կգան նաեւ զորամասերում։

Խումբը ապրիլի 10–ին մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում «Բալթյան տուն» («Балтийский дом») փառատոնին, որին մասնակցել են 10 տարի առաջ, այս տարի կներկայանան Նարինե Գրիգորյանի «Հովնան» բեմադրությամբ՝ Բիբլիական սյուժեով։

Բաբայանը նշեց, որ մարզեր այցելելուց ոչ մի գումար չեն ակնկալում, ցանկանում են միայն, որ վառելիքով եւ սննդով ապահովեն։

Նրա խոսքով, ապրիլի 30–ին Մոսկվայում տեղի կունենա «Քո շանսը» («Твой шанс») երիտասարդ ստեղծագործողների փառատոնը, որտեղ կներկայացնեն The Best of Shakespeare Զարուհի Արտոնյանի ներկայացումը։

Մայիսին կմեկնեն Պրահա՝ միջազգային փառատոնի, որտեղ կներկայացնեն «Մատնաչափիկը»։

Ռուբեն Բաբայանը նշում է, որ ունեն  մի քանի հրավերներ Իսպանիայից, Կիպրոսից, Կանադայից, սակայն մեկնումը կախված է ֆինանսական միջոցներից. «Ռուսաստանի փառատոնները ֆինանսավորվում են, դա էլ հնարավորություն է տալիս հաճախ մեկնել այնտեղ։ Ֆինանսավորումը շատ չեմ կարեւորում, քանի որ համարում եմ բնական ընթացք թատրոնի համար։ Հաճախակի մեզ ճանաչում են հենց փառատոնների շնորհիվ, ծանոթանում մեր մշակույթի հետ»,–ասաց նա։

Ռուբեն Բաբայանը տեղեկացրեց, որ մարտի 23–ին Երեւանում տեղի կունենա նոր ներկայացում՝ Գոգոլի «Քիթը»։ Պատրաստում են Ղ.Աղայանի «Անահիտ» ներկայացումը, Դոկտոր Սյուզի «Փիղ Հորթոնը»։

Թատրոնի երաժշտական մասը  «Դոգմա» ռոք խմբինն է, որի նախաձեռնությամբ տեղի կունենա միջազգային փառատոն Երեւանում, որին մասնակցելու են խմբեր Գերմանիայից, Միացյալ Նահանգներից։ Այն տեղի կունենա ապրիլի 24-26–ը, Սունդուկյանի անվան թատրոնում։

Հ.Թումանյանի «Անխելք մարդ» ներկայացումը, որտեղ դերասանները երգում են հումորային ազգագրական երգեր, մասնակցել է 10 միջազգային փառատոնների՝ Հնդկաստանից մինչեւ Միացյալ Նահանգներ։