Ինդոնեզիայի հակակոռուպցիոն գերատեսչությունը հաշվետվություն է ներկայացրել այն նվերների վերաբերյալ, որոնք տեղացի պաշտոնյաները ստացել են Սաուդյան Արաբիայի թագավորի եւ նրան ուղեկցող 1500 անձանց Ինդոնեզիա վերջերս կատարած այցի ժամանակ: Նվերների ընդհանուր արժեքը կես միլիոն դոլարը գերազանցել է: Այս մասին հայտնում է The Strait Times-ը:

Նվերների թվում են եղել եզակի արաբական ոսկե սրեր, Rolex ժամացույցներ, ոսկե գնդիկավոր գրիչներ եւ ադամանդակուռ մատանիներ: Ինդոնեզիայում կոռուպցիան արմատախիլ անելու հարցով հանձնաժողովը նվերների ընդհանուր ցուցակը հրապարակել է մարտի 16-ին:

Հանձնաժողովի ներկայացուցիչ Ֆերբի Դյանշանը չի նշել նվերները ստացողների անունները, սակայն լրագրողներին հայտնել է, որ նախնական գնահատմամբ՝ նվերների ընդհանուր արժեքը կարող է կազմել 5 մլրդ ռուփի կամ 520 հազար դոլար:

Պարբերականը նշել է, որ թագավորական ընտանիքների ներկայացուցիչների եւ երկրների ղեկավարների պաշտոնական այցերի ժամանակ նվերների փոխանակումը սովորական երեւույթ է, սակայն հյուրերից քչերն են այնքան շռայլ, որքան Սաուդյան Արաբիայի թագավորը: