Երեւանի ավագանու հերթական նիստում ավագանու քննարկման է ներկայացվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով Սիմոնյան կրթական հիմնադրամին ընթացիկ տարվա համար հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է հիմնադրամի կողմից մինչ այժմ զբոսայգում մեծածավալ բարեկարգման, ինչպես նաեւ այգու պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներով, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում, զբոսայգին էլ մշտապես պահվում է բարեկարգ եւ օգտագործվում ըստ նշանակության: Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումը, ինչպես նաեւ կարեւորելով տվյալ տարածքում Սիմոնյան կրթական հիմնադրամի «Թումո» կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը, Երեւանի ավագանին ընդունել է որոշումը:
Ավագանին հավանություն է տվել նաեւ Երեւանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվող «Հայկական ազգային կոխ ըմբշամարտի Երեւանի մարզաակումբ» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով, Ըմբշամարտի եւ «Կոխ» ազգային մարզաձեւի զարգացման բարեգործական հիմնադրամի նախագահի առաջարկով Երեւանի Արարատյան փողոցի 90 հասցեում գտնվող ուսումնարանի (մարզադպրոցի) 3910,0 քմ ընդհանուր մակերեսով շենքն անհատույց օգտագործման իրավունքով Երեւան համայնքին տրամադրելու մասին որոշման նախագծին, որով սահմանվել են նաեւ դրա հետ կապված գույքահարկի եւ հողի հարկի գծով արտոնություններ:
Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը եւս արժանացել են ավագանու հավանությանը: Ավագանու նիստին հաջորդել է հարցուպատասխանը:
Երեւանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 26-ին:



























