Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Գրասի վարժարանի աշակերտի մտերիմ ընկերոջ եղբորը, որը վարժարանում կրակահերթ էր արձակել: Ըստ որում՝ հարձակման մեջ կասկածվող ընկերոջը դեռ որոնում են: Նախօրեին ձերբակալվել է ինքը՝ պատանին, որն իր վարժարանում մի քանի հոգու վիրավորել է: Այս մասին հայտնում է AFP-ն:

Հինգշաբթի զինված 16-ամյա աշակերտը մտել է Ալեքսիս դե Թոքվիլի վարժարան: Նա կրակել է տնօրենի եւ վարժարանի 3 աշակերտների վրա: Ֆրանսիայի կառավարությունը նշել է տնօրենի հերոսության մասին, որը փորձել է զինված պատանուն խանգարել:

Կոտորակային վիրավորում է ստացել 4 մարդ, որոնք հոսպիտալացվել են: Եվս 10 մարդ տուժել է խուճապի հետեւանքով առաջացած հրմշտոցի հետեւանքով: Կրակ բացած աշակերտը չի դիմադրել եւ հանձնվել է դեպքի վայր ժամանած իրավապահներին: Քննությանը մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ նա սկսել է ցուցմունքներ տալ:

Նա զինված է եղել որսորդական հրացանով: Նրա մոտ հայտնաբերել են նաեւ 2 ատրճանակ եւ 2 ուսումնական նռնակ: Ոսստիկանությունից չեն հայտնել դրանց վտանգավորության աստիճանի մասին: Հարձակվողի ուսապարկում հայտնաբերել են նաեւ ինքնաշեն պայթուցիկ սարք, որը տեղում վնասազերծվել է: Աղբյուրը հայտնել է, որ նա զենքը ստացել է իր ծնողներից եւ պապիկից: Հարձակման մեջ կասկածվող պատանին Գրասի քաղաքային խորհրդի անդամի որդին է:

Գրասի դատախազը հայտնել է, որ հարձակման դրդապատճառը հավանաբար «կապված է ուրիշ աշակերտների նկատմամբ վատ վերաբերմունքի հետ»: Նա բացառել է նրա կապը որեւէ ահաբեկչական կազմակերպության հետ: