«Ելք դաշինքը բուռն ընտրարշավ է իրականացնում թե Սյունիքի մարզում, թե մյուս ընտրատարածքներում: Այդ մասին NEWS.am֊ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ելք» դաշինքի կողմից Արագածոտնի մարզում առաջադրված թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արթուր Սարդարյանը:

Վերջինս Արամ Սարգսյանի հետ այս օրերին քարոզարշավ է իրականացնում Սյունիքի մարզում: Երեկ դաշինքի թեկնածուները եղել են Կապան, Քաջարան քաղաքներում, իսկ այսօր՝ մարտի 18-ին հանդիպումներ են ունենալու Գորիսում եւ Եղեգնաձորում:

Նախորդ շաբաթ Քաջարանում միջադեպ էր գրանցվել, երբ հանրապետականի օգտին աշխատող մի քանի երիտասարդներ փորձել էին ահաբեկել ընտրողներին: Արթուր Սարդարյանի փոխանցմամբ, այժմ կարելի է ասել, որ վախի այդ մթնոլորտը կոտրվում է: «Նման քարոզչություն Քաջարանում չի արվել վերջին 20 տարում»,- նշեց նա՝ հավելելով, որ Սյունիքի մարզում բազմաթիվ երիտասարդներ կան, որոնք ակտիվորեն ներգրավված են քարոզարշավին:

Արամ Սարգսյանը, դաշինքի մյուս թեկնածուներն ու ակտիվիստները Կապանում եւ Քաջարանում շենք առ շենք անցել են, բարձրախոսով քարոզել: «Մեզ նաեւ շատ օգնեց Եվրոպական միջազգային դիտորդական խումբը, որը հեռվից հետեւում էր մեզ եւ, անգամ, անօդաչու թռչող սարքով նկարահանում ամենը։ Դրանից վախեցած տեղի «հեղինակությունները» նախորդ անգամվա նման չկարողացան խոչնդոտել մեր ծանուցումն ու երթը»,- նշեց Արթուր Սարդարյանը։ Ըստ նրա, մարդիկ ավելի ոգեւորված էին, ակտիվ բանավիճում էին, հարցեր տալիս դաշինքի ծրագրերի եւ անելիքների վերաբերյալ: