ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է «անտառից դուրս գալու» պատրաստակամության մասին, հաղորդում է Associated Press-ը:

Քլինթոնը ելույթով հանդես է եկել Փենսիլվանիայում Սուրբ Պատրիկի օրվան նվիրված՝ Իռլանդացի կանանց միության ընթրիքի ժամանակ: Սա եղել է նրա առաջին հրապարակային ելույթը՝ նախագահական ընտրություններում պարտությունից հետո:

 «Ինձ, ինչպես նաեւ իմ ընկերներին, ծանր է նորություններ դիտելը: Ես չեմ հավատում, որ մեր քաղաքական տարակարծությունները կարող են անձնականի վերածվել: Մենք չենք կարող արհամարհել մարդկանց կամ սառը վերաբերմունք ցույց տալ միայն  նրա համար, որ նրանք մեր քաղաքական տեսակետը չեն կիսում»,-հայտարարել է Քլինթոնը:

Նրա խոսքով՝ այդ տարաձայնությունների հաղթահարումը  ոչ թե իշխանությունների, այլ սովորական քաղաքացիների խնդիրն է: «Ես պատրաստ եմ դուրս գալ անտառից եւ բացահատել, թե ինչ են իրականում խոսում խոհանոցներում, սրա նման ընթրիքների ժամանակ, որպեսզի մենք կարողանանք ուժ հավաքել եւ առաջ գնալ»,-պարզաբանել է նա:

Քլինթոնը սակայն չի հստակեցրել, թե արդյոք այս խոսքերը վերադարձ են նշանակում մեծ քաղաքականություն: