Այսօր` նոյեմբերի 12-ին ժամը 14:15-ի սահմաններում բախում է տեղի ունեցել ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ ի պաշտպանություն քաղբանտարկյալների բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների եւ ոստիկանության ներկայացուցիչների միջեւ: Ոստիկանները հարձակվել են դատախազության մուտքին մոտեցող նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի վրա եւ նրան գետնին տապալել, ինչից հետո առճակատում է  տեղի ունեցել ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ: Ակցիային հետեւող ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը բարձրախոսով կոչ է արել եւ առաջարկել ոստիկաններին ազատել դատախազության շենքի մուտքը:

Նշենք, որ ցուցարարների ձեռքին կան «Ո՞ւր են մարտի 1-ի մարդասպանները» «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ  ցուցապաստառներ ու քաղբանտարկյալների նկարները: Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: «Նիկոլ,Նիկոլ» «Ձեր արյունոտ ձեռքերը Նիկոլից հեռու պահեք»,– բացականչում են ցուցարարները: «Եթե քաղբանտարկյալներից որեւէ մեկի գլխից մազ պակասի, պատասխան են տալու իշխանությունները»,– ակցիան լուսաբանող լրագրողներին ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա նաեւ հավելեց, որ ՀԱԿ-ը տարբեր միջոցներով պայքարելու է՝ քաղբանտարկյալների ազատ արձակմանը հասնելու համար: