Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Վարչական դատարանում հայց է ներկայացրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ: Վարչական դատարան դիմելու պատճառը այն է, որ պաշտպանության նախարարը հրաժարվել է տեղեկություններ տրամադրել 2009 թվականին բանակում զոհված ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների թվի վերաբերյալ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ «Պաշտպանության նախարարը հրաժարվել է տրամադրել հայցվող տեղեկատվությունը` այն պատճառաբանությամբ, որ այդ տեղեկատվությունը գաղտնի է, եւ դա սահմանված է ցանկով` պաշտպանության նախարարի հրամանով»:
Իսկ երբ կրկին դիմել են պաշտպանության նախարարին, խնդրելով տրամադրել այդ հրամանը, ուր գրված է, թե նշված տեղեկությունը գաղտնի է, ՊՆ-ից պատասխանել են, թե «հրամանը, որը սահմանում է, թե նշված տեղեկությունը գաղտնի է, նույնպես գաղտնի է»:
Դրանից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է դատարան, որպեսզի դատարանը ճանաչի տեղեկատվության իրավունքի խախտման փաստը, եւ անվավեր ճանաչելով տվյալ հրամանի այդ հատվածը, պարտավորեցնի տրամադրել այդ տեղեկատվությունը:
Նշեն, որ ՊՆ տվյալների համաձայն` անցած տարի զինված ուժերում ոչ կանոնադրական փոխհարաբերությունների եւ ինքնասպանության հետեւանքով զոհվել է 18 զինծառայող: Այս տարի արդեն հայտնի է նման 9 զոհերի մասին:





























