Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կոչ է արել լրատվամիջոցներին դադարեցնել այս տարվա նոյեմբերի 8-ին Սեւան քաղաքում ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանին  որպես Եհովայի վկա ներկայացնելը:

«Հայտնում ենք, որ այս գործով ընթանում է  նախաքննություն, ինչից հետո միայն պարզ կլինի դեպքի մանրամասները»,- ասված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին ժամը 16:00-ին Սեւան քաղաքի Նալբանդյան 33 շենքի 10-րդ բնակարանում 23-ամյա Արման Թորոսյանը խոշտանգելով սպանել էր հորը` 64-ամյա Խաչիկ Եգորի Թորոսյանին եւ մորը` 57-ամյա Մարիետա Մնացի Թորոսյանին:

Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնել էր, որ շենքի բնակիչների ներկայացմամբ, ծնողներին սպանող երիտասարդը հայտնի է որպես «Եհովայի վկա» եւ մշտապես վեճեր է ունեցել ծնողների հետ: Նա իր այդ վարքը պատճառաբանել է նրանով, որ կատարում է Եհովա աստծո պատվիրանը:

«Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպությունը հերքել էր, որ Արման Թորոսյանը Եհովայի վկա է: «Նա Եհովայի վկա չէ, չի եղել եւ որեւէ կապ չունի Եհովայի վկաների հետ»,- նշել են այդ կազմակերպության ներկայացուցիչները:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի