ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերը փոխանցվել են ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղ նախատեսված քննարկումներից հետո կներկայացվեն Կառավարության հաստատմանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագծերը կազմվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարզերի ուժեղ եւ թույլ կողմերի վերհանման, հնարավորությունների եւ սպառնալիքների վերլուծության արդյունքում, սահմանվել են զարգացման հիմքում դրվող նպատակները, զարգացման գերակայությունները:
Յուրաքանչյուր մարզի տարածքային զարգացման ռազմավարության նախագծում նկարագրված է նաեւ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը: Ռազմավարությունները ներկայացվել էին շահագրգիռ մարմինների քննարկմանը, որից հետո ստացված առաջարկությունները եւ դիտողությունները քննարկվել եւ ամփոփվել են ՀՀ ՏԿԶ նախարարությունում:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսին ՀՀ կառավարության կողմից` 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո ՀՀ ՏԿԶ նախարարությունը մարզպետարանների, ինչպես նաեւ ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ մարզերում պարբերաբար կազմակերպել էր հանրային քննարկումներ, որոնց արդյունքները ՀՀ մարզպետարաների կողմից ամփոփվել եւ ներառվել են ՀՀ մարզերի 2017-2025թթ. ռազմավարություններում:
ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերին կարող եք ծանոթանալ ՀՀ ՏԿԶՆ պաշտոնական կայքում, ինչպես նաեւ իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում:



























