ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը «Բազելի» սեփականատեր Օլգա Դերիպասկայից փող է ստացել Արեւմուտքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շահերն առաջ մղելու համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գործակալությունը պարզել է, որ 2005 թվականին Մանաֆորթը ռազմավարություն է կազմել, որը «կարող է Պուտինի կառավարությանը զգալի օգնություն ցուցաբերել»:
Մանաֆորթի եւ Դերիպասկայի պայմանագիրը տեւել է առնվազն 2006-ից մինչեւ 2009 թվականը: Ամենամյա վճարումը կազմել է 10 մլն դոլար:
AP-ի հետ զրույցում Մանաֆորթը հաստատել է, որ աշխատել է Դերիպասկայի համար, եւ քննադատել է այդ համաձայնագիրը բացասական լույսի ներքո ներկայացնելու փորձերը:
Դերիպասկայի ներկայացուցիչը «Ինտերֆաքս»-ին ասել է, որ Մանաֆորթն իսկապես պայմանագրով խորհրդատվական աշխատանք է կատարել, բայց բացառապես «Բազելի» սեփականատիրոջ շահերի շրջանակում: Հիմա Դերիպասկան Մանաֆորթի հետ դատվում է այս պայմանագրերի առիթով:


























