NEWS.am-ի հարցազրույցը Հրազդանի ցեմենտի գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի հետ:
Տիկին Մարտիրոսյան, 2009 թ. ցեմենտի արտադրությունը համարյա թե 40 տոկոսով կրճատվեց՝ կապված ճգնաժամի հետ։ Կա՞ն հույսեր, որ ցեմենտի արտադրության ծավալները կվերականգնվեն։
Ցեմենտի արտադրությունն իր առավելագույն մակարդակին հասավ 2008 թ.։ Սկսած 2002 թ. մենք ամեն տարի արտադրության ծավալներն ավելացնում էինք։ Սակայն 2009 թ. տեղի ունեցավ ուժեղ անկում։ Թե՜ պահանջարկը նվազեց, թե՜ ինքնարժեքը թանկացավ՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով։ Արտահանումը համարյա թե զրոյացավ՝ ոչ անցյալ տարի, ոչ այս տարի ոչ մի կգ ցեմենտ չենք արտահանել։ Ներքին շուկան էլ, բնականաբար, մեծ պահանջարկ չի առաջադրում։ 2010 թ. արտադրության անկում չունենք, իսկ 2011 թ. հույս ունենք որոշ աճ ունենալ։ Օրինակ՝ հիմա, նոյեմբերին, անցյալ տարվա նոյեմբերի համեմատ պահանջարկի աճ կա։ Կարծում ենք, որ մինչեւ դեկտեմբերի 10-ը շինարարությունը Հայաստանում չի կանգնի։
Շատերը կարծում էին, որ Սոչիի 2014 թ. օլիմպիադայի օբյեկտների շինարարության համար Հայաստանը ցեմենտի խոշոր պատվերներ կստանա։ Որեւէ առաջընթաց կա՞ այս ուղղությամբ։
Այդ ուղղությամբ մենք իսկապես շատ աշխատեցինք։ Ես անձամբ եղա Սոչիում, հանդիպեցի այնտեղի շինարարների հետ։ Ուղարկեցինք նաեւ մի փորձնական խմբաքանակ։ Բոլորն ասում էին, որ առնվազն 10 տարի Սոչի այս որակի ցեմենտ չի մտել։ Բայց կա գնի խնդիր։ Ճգնաժամի պատճառով Ռուսաստանի ցեմենտի գործարաններն իրենց շահույթների հաշվին գները իջեցրին։ Բայց իրենց մոտ էլեկտրաէներգիան ու գազն ավելի էժան են, մենք նրանց հետ մրցակցել չենք կարող։ Ռուսաստան մտավ նաեւ թուրքական էժան ցեմենտը։ Հայաստանում ցեմենտի արտադրության ամենամեծ խոչընդոտը էներգակիրներն են։ Գազի գինն ամեն տարի թանկանում է 30-40 տոկոսով, թանկացել է էլեկտրաէներգիան։ Իսկ ցեմենտի ինքնարժեքի մեջ 40 տոկոսը գազն է, իսկ 20 տոկոսն՝ էլեկտրաէներգիան։ Երբ գազը թանկանում է, մեխանիկորեն ցեմենտի ինքնարժեքը բարձրանում է։ Գազին զուգահեռ թանկացել են նաեւ ջուրն ու մետաղական կոնստրուկցիաները։
Իսկ ի՞նչն է ձեզ խանգարում, որպեսզի անցնեք ավելի քիչ ծախսատար, այսպես կոչված, չոր տեխնոլոգիային։
Միայն գումարի խնդիր է՝ խոշոր ներդրումներ են հարկավոր։ Գործարանն իր ներքին ռեսուրսով դա անել չի կարող։ Մենք աշխատում ենք թաց տեխնոլոգիայով, որն, իրոք, ավելի ծախսատար է։ Հրազդանի գործարանը հին է, կառուցվել է 60-ական թթ, ի սկզբանե պետք է լիներ քիմիական գործարան։ 60-ական թվականներին վերազինեցին ցեմենտի արտադրության նպատակով, սակայն պլանավորման լուրջ սխալներ թույլ տվեցին։ Արտադրությունը կազմակերպվում է 55 հա-ի վրա, այդքան խոշոր տարածք աշխարհի ոչ մի ուրիշ գործարան չունի։ Արտադրամասերը ոչ միայն իրարից հեռու են, այլեւ կապված են արհեստականորեն երկարացված ճանապարհներով, իսկ դա վառելիքի ու էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախս է։ Մենք ունենք վերազինման նախագիծ, որի համար գործընկեր ենք փնտրում։ Բայց որոշ բաներ արդեն արել ենք։ 2-3 ամսից շահագործման կհանձնենք գերմանական «Հայերբեկեր» ընկերության սարքավորումներով հագեցած փաթեթավորման եւ բարձման նոր հոսքագիծը։ Այն թույլ կտա լրիվ ավտոմատացնել այդ աշխատանքները, ի վիճակի կլինենք օրական 2000 տոննա ցեմենտ փաթեթավորել՝ առանց որեւէ փոշու կամ այլ արտանետումների։
Դուք եվրոպական շուկա մտնելու շանս ունե՞ք։
Մեր որակը թույլ է տալիս մտնել եվրոպական ցանկացած շուկա։ Ընդհանրապես՝ 400 կամ 500 մակնիշի ցեմենտ շատ քիչ երկրներում է արտադրվում։ Մենք կարող ենք 300 մակնիշի արտադրել, բայց Հայաստանը սեյսմիկ գոտի է, այստեղ շեշտը դրվում է բարձրորակ ցեմենտի վրա։ Իսկ Թուրքիան եվրոպական երկրներին մակատարարում է էժան, բայց 300 մակնիշի ցեմենտ։ Եվրոպան շինարարության տեխնոլոգիան է փոխել, այնտեղ հիմնականում մետաղական կմախքների վրա են շենքերը հավաքում, ցեմենտի բարձր մակնիշն այդ դեպքում այնքան էական չէ։ Մյուս կողմից՝ տրանսպորտի խնդիր կա։ Եթե ուղղակի երկաթուղային կապ հաստատվի Եվրոպայի հետ՝ կարելի է նույնիսկ տարեկան 1 մլն տոննա արտահանել, մենք ժամանակ առ ժամանակ նման պատվերներ ստանում ենք։ Իսկ լոգիստիկ ներկա սխեմաներով արտահանումը շահավետ չէ։
Դուք ցեմենտի արտադրության ապագան ինչպե՞ս եք տեսնում։
Հեռանկարներ իհարկե կան։ Հենց միայն Հայաստանում շինարարության մեծ ծրագրեր կան։ Ատոմակայանի շինարարությունը որ սկսվեց, մեծ քանակությամբ ցեմենտի կարիք է զգացվելու։ Բետոնյա ճանապարհների, ոռոգման համակարգերի կառուցման ծրագրեր կան նաեւ։ Ներքին շուկայում մենք պահանաջարկի աճ ենք նախատեսում։ Հենց միայն ատոմակայանի կառուցումը 2 գործարանն էլ կծանրաբեռնի։
Իսկ ցեմենտի գների բարձրացում ներքին շուկայում նախատեսում ե՞ք։
Եթե գազը նորից չթանկացնեն, ցեմենտը չի թանկանա։ Տարվա ընթացքում տարբեր խնայողական միջոցառումներ ենք անում, բայց գազի սակագնի բարձրացումը մեր բոլոր աշխատանքները ջուրն է գցում։ Մեր վառարանը օրական 35 մլն դրամի գազ է սպառում։ Այս պահին ցեմենտի գներն այնպիսին են, որ համարյա առանց շահույթի ենք աշխատում։
Զրուցեց՝ Սամվել Ավագյանը




























