«Մենք դե՛մ ենք օտրարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը հիմնում է  յուրօրինակ «հակամրցանակ»` հայերեն լեզվին, դպրությանը եւ ազգային անկախ պետականությանն առավել վնաս հասցրած գործիչներին եւ կազմակերպություններին առանձնացնելու եւ հանրությանը ու գալիք սերունդներին իրենց գործունեությունը ներկայացնելու նպատակով:

Նախաձեռնությունն, այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ցավով գիտակցում ենք, որ այդօրինակ գործիչներն անպակաս են եղել հայ ազգի ողջ հարուստ եւ իրադարձություններով լի պատմության ընթացքում: Սակայն 2010թ.-ին վերոհիշյալ տեսակի արտառոց ակտիվացումը ստիպում է մեզ դիմել այս քայլին: Միաժամանակ մեզ չի լքում հույսը, որ այս տարվա պարգեւատրումը կլինի վերջինը եւ մրցանակաբաշխությունը առարկայական պատճառներով երկար կյանք չի ունենա:Մրցանակը կոչվելու է Օտարալիզության  ասպարեզում Դելյանով-Աշոտյանի անվան մրցանակ» կամ կարճ «Օտարալիզության  մրցանակ» եւ ունենալու է հետեւյալ աստիճանները.

Առաջին կարգի օտարալեզ,
Երկրորդ կարգի օտարալեզ,
Երրորդ կարգի օտարալեզ,
Կրտսեր օտարալեզ պատվավոր խրախուսական կոչում:

Մրցանակը ներառում է համապատասխան հարգի (ոսկի, արծաթ, բրոնզ) մեդալ, պատվոգիր եւ դրամական պարգեւ երեսուն դրամի չափով:2010 թ. մրցանակաբաշխության արդյունքները հաշվի կառնեն ամբողջ տարվա «ձեռքբերումները» եւ կհայատարարվեն մոտակա ժամանակ:

Որպեսզի պարզ դառնա, թե ինչու է մրցանակը անվանվել Իվան Դավիդովիչ Դելյանովի եւ Արմեն Գեւորգովիչ Աշոտյանի պատվին ներկայացնում ենք մի փոքր տեղեկատվական ակնարկ այդ գործիչների անցած ուղու վերաբերյալ:

Դելյանով (Դիլաքյան) Իվան Դավիդովիչ (1818-1897)` հայկական ծագմամբ ռուսական պետական գործիչ, կոմս (1888-ից): 1882-1897 եղել է  Ռուսական Կայսրության ժողովրդրական լուսավորության մինիստր: Նրա օրոք մտցվեց (1884) համալսարանական նոր կանոնադրություն, որը համալսարանները զրկում էր նախկին ինքնավարությունից, փակվեցին (1886) կանանց բարձրագույն դասընթացները: 1887 թ. հունիսի 18-ին նրա հրապարակած շրջաբերականով սահմանափակվում էր ազնվական ծագում չունեցող երեխաների մուտքը գիմնազիաներ, իսկ «կառապանների, լվացարարուհիների, մանր խանութպանների երեխաները» չէին կարող ընդունվել միջնակարգ ուսումնական հաստատություններ: Նրա օրոք (1885) փակվեցին  հայկական բազմաթիվ դպրոցներ:

Ժամանակակիցների շրջանում հայտնի է եղել որպես «արմյանսկիյ նոլ»: Ռուս պետական գործիչ Ս.Վիտտեն Դելյանովի մասին. «Կոմս Դելյանովը շատ հաճելի, բարի մարդ էր եւ ժողովրդական լուսավորության նախարարության հարցերն իրեն խորթ չէին: Նա կուլտուրական, կրթված, բայց բառի բուն իմաստով լավ, բարի եւ խորամանկ «արմյաշկա» էր»:

Աշոտյան Արմեն Գեւորգովիչ* (1975-)`  Գ. Սահակյանի դարաշրջանի հայաստանցի պետական գործիչ, բանաստեղծ, երգահան, քաղաքական հումորի վարպետ, հեռուստաշոումեն: Կրթությունը՝ կլինիկական դիվանագիտություն: Բժշկական գիտությունների թեկնածու: 2009 -2010 թթ. ՀՀ Գիտության եւ կրթության նախարար:

Վարել է ծայրահեղ ուրախ եւ հնարամիտ քաղաքականություն, հատկապես կադրային,ընդունելության քննությունների կազմակերպման, օտարալեզու եւ էլիտար կրթության տարածման ոլորտում: Ուսուցիչների երդման արարողության հեղինակ: Հայկական դպրոցների զանգվածային փակման, ռուսական շանսոնի դասերի անցկացման եւ սպիտակ խալաթն ու ֆոնենդոսկոպը ուսուցիչների  պարտադիր համազգեստ դարձնելու ծրագրերը խափանվեցին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Հետագա ճակատագիրն անհայտ է:

Ըստ որոշ աղբյուրների Ա. Աշոտյանը բիլինգվալ:

Օտարալիզության  ասպարեզում Դելյանով-Աշոտյանի անվան մրցանակաբաշխության հանձնաժողով»: