NEWS.am-ը սկսում է ներկայացնել ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցող 9 կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ծրագրերի ներկայացումն ըստ ոլորտների:

Այս անգամ կներկայացնենք քաղաքական ուժերի տեսակետները արտաքին քաղաքականության ոլորտում, մասնավորապես, Արցախի խնդրում:

«Ելք» դաշինք

Դաշինքը որպես Արցախի հարցի կարգավորման թիվ 1 անելիք համարում է Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնումը: Արցախի հարցում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության, ագրեսիվ քաղաքականության պայմաններում: Որևէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը:

«Ելք» դաշինքը, հաղթանակի դեպքում, բանակցություններ կսկսի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ: «Ելքը» սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, որը լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության եւ Արցախի խնդրի կարգավորման համար:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

Այս ուժը հաղթանակի դեպքում անհապաղ կդադարեցնի Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, քանզի այն ոչ միայն օգուտ չի բերել, այլեւ վատթարացրել է Հայաստանի ցուցանիշները բոլոր բնագավառներում:

ԱԴԿ-ն կարծում է, որ Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ում ենթակա են արմատական վերանայման՝ անվտանգության իր կենսական շահերի ու զգայուն խնդիրների վերաբերյալ փոփոխություններով:

Ըստ «Ազատ դեմոկրատների», եվրոպական ինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն է, իսկ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը՝ ռազմավարական տեսլական:

Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է կառուցվեն փոխշահավետության, իրավահավասարության սկզբունքների հիման վրա:

Արցախի միջազգային ճանաչումն ու ինտեգրումը, անվտանգության ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիր է: Հարևանների հետ խաղաղության հաստատման գին չի կարող լինել նրանց հարուցած սպառնալիքների ու վտանգների ներքո ազգային իրավունքներից ու ինքնիշխանությունից հրաժարումը:

ԱԴԿ-ն կպահանջի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ որևէ պետություն իրավունք չունենա սպառազինություն վաճառել Ադրբեջանին: Նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանին դաշնակից համարվող պետություններին:

«Ազատ դեմոկրատները» մտադիր են վերանայել ՀԱՊԿ հիմնարար պայմանագրերը՝ Հայաստանին սպառնացող վտանգներին հակազդելու վերաբերյալ, հակառակ դեպքում ՀԱՊԿ-ին անդամակցելու նպատակահարմարությունը կասկածի տակ է:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք

Դաշինքի կարգախոսն է «Խաղաղություն հիմա»: Դաշինքը հաղթանակի դեպքում, հետեւողական ջանքեր կգործադրի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած եւ ՀՀ իշխանությունների կողմից 2007-ից ընդունված Արցախի խնդրի կարգավորման ծրագրի շուտափույթ իրագործման ուղղությամբ, վերականգնելով ԼՂՀ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացին։

Կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների, բացառելով Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող միջպետական հանձնաժողովի ստեղծումը։

Դաշինքը կարծում է, որ այս երկու խնդիրների կարգավորումը հնարավորություն կտա ապաշրջափակել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական երկաթուղային, ավտոմոբիլային եւ ավիացիոն բոլոր երթուղիները, մասնակցել տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին եւ նախագծերին։

Դաշինքը վստահ է, որ Ադրբեջանի հետ հաշտությունը կապահովի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացումը։

 Հայաստանի հանրապետական կուսակցություն

ՀՀԿ-ի նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից:

ՀՀԿ-ն սատարելու է արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին: ՀՀԿ-ն շարունակելու է աշխատանքները Արցախի խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Արցախի` որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ:

ՀՀԿ-ն կարծում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ առավել լայն հնարավորություններ է բացել ՀՀ տնտեսական զարգացման համար: Միաժամանակ, ՀՀԿ-ն շարունակելու է խորացնել ԵՄ-ի հետ փոխգործակցությունը:

Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Հայաստանի կոմկուսը կարծում է, որ Ադրբեջանի հետ պետք է շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների շրջանակում. Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցային կողմ:

Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կառուցվեն առանց նախապայմանների: Արեւմտյան Հայաստանը հայ ժողովրդի պատմական Հայրենիքն է, հետեւաբար, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կառուցվեն՝ հաշվի առնելով պատմական իրողությունները:

Կոմկուսը իշխանությանգալու դեպքում կամրապնդի եւ կզարգացնի ռազմաքաղաքական կապերը Ռուսաստանի հետ եւ ՀԱՊԿ անդամ այլ երկների հետ, ընդլայնելով համագործակցությունը ԵՏՄ-ի, ԵՄ-ի, Չինաստանի եւ բարեկամ մյուս երկրների հետ:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

Դաշինքը համարում է, որ Հայաստանը պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ հարաբերվելիս՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ ինքնիշխանության եւ սուբյեկտայնության մակարդակը:

Կայուն եւ երկարատեւ խաղաղության հասնելու համար Դաշինքը անհրաժեշտ է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պահպանել ուժերի հավասարակշռությունը եւ բացառել միակողմանի ցանկացած զիջում։

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանալին գտնվում է Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում, սակայն վերջնական խոսքը պատկանում է արցախցիներին: Դաշինքը համոզված է, որ այս խնդրի լուծման առանցքում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որից հետո՝ Արցախի հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանների ճշգրտումը:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն

ՀՅԴ-ն համարում է, որ Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Այս հարցում ՀՅԴ դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է:

ՀՅԴ-ն առաջարկում է ամրապնդել Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական համագործակցությունը եւ ջանքեր գործադրել Արցախն իր ապագային վերաբերվող բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավելու համար:

ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մաս դարձնել Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցերը: Չեղարկել մեր ազգային շահերին հակասող հայ-թուրքական արձանագրությունները:

Հատկանշական է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ու «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրերում արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներ չկան: