Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվել է Հայ հեղափոխական դաշնակցության հրավիրած հանրահավաք-համերգը (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե հանրահավաքում ելույթներ են ունեցել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Մանուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:
Գեղամ Մանուկյանն իր խոսքում հայտարարել է, որ իրենք դեմ են զիջողությանը, զիջողական փաստաթղթին: Աղվան Վարդանյանն էլ նկատել է, թե միայն ազատ քաղաքացին կարող է ուժեղ, ազատ երկիր ունենալ, արժանավայել կյանքով ապրել: «Քաղաքական ուժի չափանիշը փողը կամ իշխանական լծակները չեն, այլ կենսագրությունը, ինքնուրույնությունը, հավատարմությունը սկզբունքներին եւ աշխատանքը»,- ասել է Վարդանյանը: Արմեն Ռուստամյանն էլ հայտարարել է, թե ՀՅԴ-ի մասնակցությամբ կատարված փոփոխությունների որակն ու ծավալն այնքան է, որ առանց չափազանցության կարելի է հեղափոխական համարել:
Հավաքի հիմնական մասը երաժշտական է եղել, «Դորիանս» խմբի մենակատար, ռոք երգիչ Գոռ Սուջյանը ներկայացրել է իր նոր՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան» երգի պրեմիերան:
Երգեր են կատարել նաեւ Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանները, իսկ հավաքը եզրափակվել է Դավիթ Ամալյանի, Ռուբեն Սասունցու, Մակիչ Մկրտչյանի եւ Սահակ Սահակյանի կատարումներով:




























