Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցել են Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի համապատասխան։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը՝ ապրիլի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը նորմայի սահմաններում էր։ «Բոլոր երկրներում կա այդ երեւույթը։ Չէ՞ որ քաղաքական գործիչները չեն կարող դադարեցնել աշխատանքն ու չհայտնվել հեռուստացույցների էկրաններին», - հստակեցրել է նա։
Բելառուսի ԿԸՀ ներկայացուցիչ Լիդիա Երմոշինան նշել է, որ ընտրությունների արդյունքները կասկածներ չեն առաջացնում։ Չնայած որ ընտրատեղամասերի մոտ մարդկանց կուտակումներ կային, եւ մի շարք ընտրատեղամասերում տեխնիկական անսարքություններ են եղել՝ «այնուամենայնիվ ես չեմ կասկածում խորհրդարանական ընտրությունների ազնվության մեջ»։ Միաժշամանակ նա նշել է, որ նոր օրենսդրությունը ծառայում է քաղաքական ուժին, որը հաղթում է ընտրություններում։ Նա նաեւ նշել է, որ ընտրատեղամասերում հաշմանդամների քվերակության համար պայմաններ չեն ստեղծվել։
ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի անդամ Իգոր Չերնիշենկոն ընդգծել է, որ ինքը համերաշխ է առաքելության ղեկավարի կարծիքի հետ՝ ընտրությունները հետաքրքիր էին։ «Իհարկե, որոշ թերություններ կային, սակայն դրանք չեն ազդել քվեարկության արդյունքի վրա», - նշել է նա։
Առաքելության անդամները նաեւ կարծիք են հայտնել այն մասին, որ ընտրությունները կազմակերպված են եղել շատ պարզ՝ համապատասխան երկրի օրենսդրության, եւ իրենց առաքելության իրականացման ընթացքում նրանք ոչ մի բողոք չեն ստացել։




























