Հայաստանում ընդունված օրենսդիր բազան՝ Ընտրական օրենսգիրքը, շատ առաջադեմ է, ունի լավ ապագա։ Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՊՀ պետությունների միջկառավարական վեհաժողովի Հայաստանում ընտրությունների դիտորդական խմբի համակարգող, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկը՝ նշելով, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն իրնեց առաքելության անդամները համարում են շատ հստակ կազմակերպված ընտրական գործընթաց։ 

Պիրշտուկի խոսքով՝ ինչպես քաղաքական ուժերի համար, այնպես էլ ընտրողների համար ստեղծվել են բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են ընտրությունների անցկացման համար։ «Եվ ես կարծում եմ, որ մեր հայ գործընկերները շատ մեծ քայլով առաջ են անցել։ Մենք շնորհավորում ենք մեր հայ գործընկերներին՝ լավ միջոցառման առթիվ»,- ընդգծել է նա։

Իր հերթին ԱՊՀ միջկառավարական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը հավելել է, որ քվեարկության ամբողջ օրվա ընթացքում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ոչ մեկի կողմից ոչ մի էական դիտողություն չեն ստացել։ 

«Այդ ամենը հաստատում է այն գնահատականը, որը մեր առաքելությունը տվել է անցկացված ընտրություններին»։

Հիշեցնենք, որ ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում ներառվել են ԱՊՀ 8 երկրներից 172 ներկայացուցիչներ, որոնք այցելել են 1215 ընտրական տեղամաս եւ մասնակցել ինչպես դրանց բացմանը, այնպես էլ ընտրական գործընթացի ավարտին։