Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները լավ կազմակերպված էին ու հիմնական ազատությունները ընդհանուր առմամբ պահպանվել են։ Այս մասին է ասվում ԵԱՀԿ ԽՎ, ԵԱՀԿ-ի, Եվրոպական խորհրդարանի ու ԵԽԽՎ-ի դիտորդների համատեղ նախնական հայտարարության մեջ։

Դիտորդների խոսքով, չնայած օրենսդրական բազայի բարեփոխումներին ու ընտրախախտումների կրճատման համար նոր տեխնոլոգիաների ներդրմանը, քվեարկությունը արատավորվել է ընտրակաշառքի ու պետական ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների մասին հավաստի ահազանգերով։ Հենց դա էլ հանգեցրել է հասարակական վստահության ու ընտրությունների նկատմամբ վստահության բացակայությանը։

«Երեկվա ընտրությունները առաջին քայլն էին Հայաստանում նոր քաղաքական համակարգ ստեղծելու ճանապարհին, բայց փոփոխությունները չեն կարող տեղի ունենալ մեկ գիշերվա ընթացքում։ Բարեփոխումը անվերջանալի գործընթաց է ու ես կոչ եմ անում խորհրդարանական մեծամասնությանն ու նոր կառավարությանը շարունակել ջանքերը՝ երկրի քաղաքական մշակույթը վերափոխելու ուղղությամբ՝ ընդդիմության, քաղաքացիական հասարակության ու միջազգային համայնքի հետ համագործակցելու միջոցով»,- ասել է Իգնասիո Սանչես Ամորը, ԵԱՀԿ դիտորդական կարճաժամկետ առաքելության ղեկավարն ու հատուկ համակարգողը։

Դիտորդները հայտնել են , որ նոր ԸՕ-ը ընդունվել էր ընտրություններից ընդամենը մեկ տարի առաջ, մի գործընթացի շրջանակում, որը մեծամասնության կողմից ընկալվել է որպես քայլ առաջ՝ դեպի գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդում։ Ընտրությունների անցկացման իրավական հիմքն ունի համընդգրկուն բնույթ, սակայն քննադատությունների է ենթարկվել դրա չափազանց բարդ լինելու պատճառով։ Օրենսգրքի բարեփոխման ընթացքում իրականացվել են ԵԱՀԿ/ԺՄԻԳ Վենետիկի հանձնաժողովի ու Եվրոպայի խորհրդի նախորդ ռեկոմենդացիաներից մի քանիսը, չնայած որոշ հարցեր արժանի են հետագա ուշադրության։

«Ոչ մի կասկած չկա, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին քվեարկությունից հետո ձեռնարկվել են ջանքեր, այդ թվում նյութատեխնիկական բազայի բարելավման ճանապարհով, որպեսզի բարձրացվի ընտրական գործընթացի որակը։ Պետք է երախտագիտություն հայտնել իշխանություններին՝ ընտրազանգվածին նոր, բավականին բարդ ընտրական օրենսդրության մասին իրազեկելու աշխատանքի համար։ Ցավալի է, որ չնայած բոլոր իրավական ու կազմակերպչական փոփոխություններին, այս ընտրությունները չվերացրեցին վաղեմի կասկածները՝ երկրում ընտրական գործընթացների ամբողջականության ու հուսալիության վերաբերյալ»,- նշել է Լիլիան Մորի Պասկյեն, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը։

Նա նշել է, որ քվեարկության նոր տեխնոլոգիաների գործածումը չի կարող ինքնին վերականգնել ընտրությունների նկատմամբ վստահությունը, ինչը վճռորոշ նշանակություն ունի իսկական ժողովրդավարության համար, այնպես ինչպես բարելավված օրենսդրությունը արդյունավետ է միայն այն դեպքում, եթե այն բարեխղճորեն է կատարվում։

«Նոր ընտրական օրենքը նախատեսում է կանանց ու փոքրամասնությունների ավելի լայն ներկայացվածություն։ Ես ուրախ եմ նշել, որ ԱԺ-ում մեր գործընկերների շարքերում կավելանա կանանց թիվը ու ես կոչ եմ անում քաղաքական կուսակցություններին, նրանց հնարավորություններ տրամադրել տրանսֆորմացիոն վերափոխումների համար»,- հայտնել է Հեյր Յորգեն Բեկկովոլդը, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավարը։

Նրա խոսքով, նոր ընտրական ընթացակարգը բարդ էր ու ոչ միշտ էր հասկանալի ընտրողների համար։ Այդուհանդերձ, ընտրատեղամասերի անձնակազմը մեծ ջանքեր էր գործադրում սահուն գործընթաց ապահովելու համար։ «Ցավոք, այդ գործընթացը խաթարվել է ընտրակաշառքի, հատկապես դպրոցներում ու հիվանդանոցներում, մասնավոր ընկերություններում ընտրողներին վախեցնելու, նաեւ վարչական ռեսուրսների չարաշահման մասին կրկնվող ահազանգերի պատճառով»,- ասել է Հեյդի Խաութալան, Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը։

«Եվրախորհրդարանը սերտ համագործակցելու է ապագա խորհրդարանի հետ՝ բարեփոխումներն ու ժողովրդականացումն աջակցելու համար՝ ԵՄ-ի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների խորացման շրջանակում մեր պարտավորությունների համաձայն»։

Հայտարարության մեջ ասվում է, որ ԿԸՀ-ն գործում էր արդյունավետ ու իր աշխատանքը իրականացնում էր թափանցիկ ձեւով։ Այդուհանդերձ, ԿԸՀ-ն պատշաճ ուշադրություն չէր դարձնում բողոքներին։

Քարոզարշավը սկսվել է դանդաղ ու աշխուժացել ընտությունների օրվա մոտենալուն զուգահեռ,  ու մեծամասամբ հիմնական ուշադրությունը հատկացվել է առանձին թեկնածուներին, այլ ոչ թե կուսակցական հարթակներին կամ քաղաքական գործիչներին։ Մրցապայքարի մասնակիցներին հիմնականում հաջողվել է քարոզարշավն իրականացնել առանց սահմանափակումների, սակայն բռնության առանձին դեպքեր են գրանցվել երկրի որոշ մարզերում։

Ըստ հայտարարության, ընտրությունների օրը ընդհանուր առմամբ անցել է հանգիստ ու խաղաղ, բայց դիտորդները որոշ ընտրատեղամասերում նկատել են լարվածություն ու ընտրողներին վախեցնելու դեպքեր։ Որպես կանոն, դա տեղի էր ունենում վստահված անձերի ու օրվա ընթացքում ընտրատեղամասերում ներկա գտնվող մյուս անձանք մեծ քանակության պատճառով։ Ընտրողները նույնականացվել են ընտրությունների օրը՝ նույնականացման սարքերի գործածման միջոցով, որոնք պարունակում էին ընտրացուցակների էլեկտրոնային պատճենները , մատնահետքերը նույնպես սկանավորվել են։ ԿԸՀ-ում հայտնել էին, որ բողոքների դեպքում իրականացվելու է ստուգում՝ բազմակի քվեարկության պոտենցիալ դեպքերը հայտնաբերելու նպատակով։ Առաջին անգամ ընտրատեղամասերում հրապարակվելու են ընտրողների ստորագրված ցուցակների սկանավորված կրկնօրինակները, ինչը դիտորդների զրուցակիցները համարել են կարեւոր քայլ։

 «Մինչեւ այս ընտրությունները ձեռնարկված միջոցառումները բարելավել են քվեարկության գաղտնիության հետ կապված իրավիճակը, ինչը կարեւոր քայլ է այդ գործընթացի նկատմամբ վստահության բարձրացման ճանապարհին, բայց անհրաժեշտ են ավելի հստակ քայլեր՝ ընտրակաշառքի ու ընտրողների վրա ճնշումների նախկին պրակտիկան կանխելու համար»,- ասել է դեսպան Յան Պետերսոնը, ԵԱՀԿ/ ԺՄԻԳ առաքելության ղեկավարը։

Նա նկատել է, որ առաքելությունը կմնա Երեւանում ու կհետեւի իրադարձություններին ընտրություններից հետո, այդ թվում արդյունքների ամփոփմանն ու հնարավոր բողոքների ու բողոքարկումների քննմանը։

Դիտորդները նշում են, որ հասարակության կողմից նկատվում է ընտրախախտումների մասին հայտնելու դժկամություն, ինչը պայմանավորված է բողոքների քննման համակարգի նկատմամբ վստահության բացակայությամբ։ Դատական մարմինների, ընտրությունների ղեկավարման մարմինների ու իրավապահ մարմինների անկախության բացակայությունը, նաեւ այն, թե ինչպես են նրանք քննում բողոքները, խաթարում են իրավական օգնության տրամադրման արդյունավետությունը։

ՄԻջգերատեսչական համագործակցություն հանգեցրել է ընտրողների ցուցակների ճշգրտության բարձրացմանը։ Չնայած օրենսդրության մեջ նախատեսված են բավականաչափ մեխանիզմներ, որոնք ընտրողներին թույլ են տալիս ճշգրտումներ անել, ցուցակները առաջվա պես պարունակում են հասցեներ, որոնցով գրանցվում են ընտրողների մեծ քանակություն, ինչը իշխանությունների կողմից հետագա ուսումնասիրություն է պահանջում։

Տեսակետների արտահայտման ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ ու լայնորեն կիրառվում է։ Հեռարձակող լրատվամիջոցների ազատությունը սահմանափակված է խմբագրական քաղաքականության մեջ սեփականատերերի միջամտությամբ։ Դա հանգեցնում է լրագրողների ինքնագրաքննությանն ու խոչընդոտում կառավարության մասին կարեւոր տեղեկատվության տրամադրմանը՝ այդ թվում հանրային հեռուստատեսությամբ, ասում են դիտորդները։ Լրագրողները հայտնել են, որ բռնության ու մեղավորներին պատասխանատվության չկանչելու հետ կապված վերջին դեպքերը խոչընդոտում են իրենց աշխատանքին ու խաթարում իրենց անվտանգությունը։ Համացանցում նորությունների աղբյուրների հարցում ոչ մի սահմափակումներ չկան, ինչը նպաստում է լրատվամիջոցներում բազմակարծության ուժեղացմանը։ ԵԱՀԿ/ԺՄԻԳ կողմից իրականացված լրատվամիջոցների մշտադիտարկումը ցույց է տվել, որ հանրային հեռարձակող ընկերությունը արդարացի է լուսաբանել մրցակիցներին իր լրատվական թողարկումների ընթացքում։

Միջազգային ու քաղաքացիական դիտորդությունը թույլատրված է , ու կուսակցությունների ներկայացուցիչները իրավունք ունեն ներկա գտնվել ընտրատեղամասերում։ ԿԸՀ-ն հավատարմագրել է ընդհանուր առմամբ 28 021 դիտորդների, սակայն լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունը քննադատել է դիտորդության մասին իրավական դրույթները, որոնք թույլ են տալիս ընտրանքային ձեւով սահմանափակել քաղաքացիական հասարակությունից ու լրատվամիջոցներից դիտորդների թիվը ընտրատեղամասերում ։ Միջազգային ՀԿ-ներին չեն հրավիրել հետեւելու ընտրություններին, ինչը հակասում է ԵԱՀԿ-ի  պարտավորություններին։