Թունիսի Նաբուլ քաղաքում գիշերային ակումբներից մեկը փակել են տեսագրության հրապարակումից հետո, որում դիջեյը մահմեդական աղոթքի ռեմիքս տարբերակն է կատարում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նաբուլի նահանգապետ Մնաուար Ուերտանին տեղեկացրել է, որ ակումբի սեփականատերը ձերբակալվել է՝ «բարոյական նորմերը խախտելու եւ համեստության հրապարակային վիրավորանքի համար»:

Orbit Festival փառատոնի ժամանակ արված տեսագրությունում եվրոպացի երկու դիջեյներ մահմեդական աղոթքի պարային տարբերակ են ներկայացնում, որը հավատացյալներին օրական հինգ անգամ աղոթքի է հրավիրում:

Հոլովակը սոցցանցերում վրդովմունքի ալիք է բարձրացրել, իսկ երկուշաբթի փառատոնի կազմակերպիչները ներողություն են խնդրել Facebook-ում, սակայն նշել են, որ վիրավորական երաժշտություն ներկայացնելու նպատակ չեն ունեցել:

«Ես որեւէ մեկին վիրավորելու նպատակ չեմ ունեցել»,- հայտարարել է սկանդալային կոմպոզիցիան ներկայացրած Dax J դիջեյը: