«Հայռուսգազարդի» մամուլի հետ կապերի պատասխանատու Շուշան Սարդարյանը NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում չբացառեց, որ իրենց ընկերությունը կարող է մասնակցել Հյուսիս-Հարավ գազամուղի Վրաստանի տարածքով անցնող հատվածի վաճառքի մրցույթին։ «Կարծում ենք, որ Վրաստանը բավական թափանցիկ կանցկացնի այդ մրցույթը։ Մենք կուսումնասիրենք, եւ եթե համարենք, որ գործարքը կունենա տնտեսական ռեզոն եւ տրամաբանություն, չի բացառվում, որ մենք եւս կմասնակցենք»,- ասաց Շ. Սարդարյանը։
Իսկ այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի կամ այլ ընկերության կողմից գազատարի ձեռքբերումը չի՞ վտանգի Հայաստանի գազամատակարարումը, Շ. Սարդարյանն ասաց, որ որեւէ վտանգ չի տեսնում, քանի որ գազամատակարարումը կարգավորվում է իրավապայմանագրային հիմքով, եւ բոլոր հարցերը լուծվում են այդ դաշտում։





























