Ալբերտ Էյնշթեյնի նամակը, որն ուղղված է ֆիզիկայի ուսուցիչ Արթուր Լ. Քոնվերսին, աճուրդում վաճառվել է 53,503 դոլարով՝ նախնական 15 հազար դոլար գնի դեպքում: Գնորդի անձը չի բացահայտվում, փոխանցում է Washington Times-ը:
Աճուրդի տան ներկայացուցչի խոսքով՝ նամակը երկար տարիներ պահպանվել է Քոնվերսի ընտանիքում: Նամակի տեքստից, որն, ըստ էության, Քոնվերսի հարցերի պատասխաններն է պարունակում, կարելի է ենթադրել, որ այն կապված է Հարաբերականության տեսության եւ անցկացրած փորձերի հետ: Մասնավորապես՝ նամակում հիշատակվում է այն մասին, որ փորձի արդյունքները կարելի է բացատրել էլեկտրաստատիկ տեսության միջոցով, բայց փորձերի էությունը չի բացահայտվում: Հնարավոր է, որ փորձն իրականում չի էլ անցկացվել, այլ մտովի է կատարվել:
Քոնվերսի հարցերը տպագրվել են գրամեքենայով, Էյնշթեյնի պատասխանները ձեռագիր են: Նամակում կան նաեւ մի քանի դիագրամներ:




























