Ծնվելուց մեկ օր անց «Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն»-ում մահացած նորածնի հայրը՝ Մարատ Էմինյանը, պնդում է, որ փոքրիկը մահացել է բժիշկների, մասնավորապես Գայանե անունով բժշկուհու անփութության հետեւանքով:
NEWS.am-ի հետ զրույցում Մարատ Էմինյանը պատմեց, որ կինը՝ Նաիրա Այվազյանը, հիվանդանոց է ընդունվել ապրիլի 1-ին, անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, իսկ հաջորդ օրն արդեն կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ բերել փոքրիկին:
«Կինս Մեծ Պարնիի հիվանդանոցում է եղել հաշվառված, 7 ամիսների ընթացքում բոլոր անալիզները հանձնել է, ոչ մի խնդիր չի ունեցել ոչ ինքը, ոչ պտուղը: Ապրիլի 1-ին Երեւան ենք եկել, այստեղ էլ բոլոր հետազոտություններն անցել է, բժիշկները որոշեցին կեսարյան հատում անել, որովհետեւ մյուս երեք երեխաներին կեսարյան հատումով է ունեցել: Նախորդ վիրահատությունների սպին շատ բարակած է եղել, արգանդի պատռվածքից խուսափելու համար են այդ քայլին գնացել: Երեխայի ծնունդից հետո ինձ ասացին, որ ամեն ինչ նորմալ է, երեխան լացել է ծնվելուց հետո, բժշկուհին երեխայի վիճակը գնահատել է 5-6 բալ: Երբ հարցրի, թե ինչ է դա նշանակում, բժշկուհի Գայանեն, որը վիրահատությունը կատարել է, ասաց, որ երեխայի վիճակը նորմալ է գնահատում»,- պատմեց Մարատ Էմինյանը:
Նրա խոսքով, երեխան ծնվել է 2 կգ 300 գրամ քաշով, անհաս չի եղել, սակայն բժիշկները միացրել են արհեստական շնչառության ապարատին, քանի որ 7 ամսական էր ծնվել: Մարատ Էմինյանը նշեց, որ ապրիլի 3-ին բժիշկները զանգել են իր եղբոր կնոջը ու հայտնել, որ երեխայի վիճակը վատացել է. «Հինգ րոպե չանցած եղբորս կինը եղել է արդեն հիվանդանոցում ու ասել են, որ երեխան մահացել է: Ապրիլի 4-ին ինձ կանչել են եւ ասել, որ երեխայի սիրտը կանգ է առել, սակայն որն է եղել պատճառը, ինձ չեն ասել: Սակայն ես գիտեմ, որ այդպես չի եղել: Մեկ ուրիշ ծնող գնացել է իր երեխային տեսնելու, տեսել է, որ իմ երեխան կապտած է, կանչել է բուժքրոջը, նա էլ իր հերթին մյուս բուժքույրերին ու բժիշկներին է կանչել, սկսվել է խառնաշփոթ. ապարատ չեն ունեցել, որ երեխայիս միացնեն ու էդպես չեն կարողացել փրկել երեխայիս»,- ասաց նա:
Մահացած փոքրիկի հայրն արդեն դիմել է ոստիկանություն եւ տվել հաղորդում:
Հիշեցենք, որ «Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտնել էր, որ մահացած նորածնի լեյկոցիտների քանակը եղել է 50 հազար, ինչը ներանգանդային ինֆեկցիայի հետեւանք կարող է լինել:
«Կինը ծննդաբերել է ապրիլի 2-ին կեսարյան հատման ճանապարհով, նրա 4-րդ կեսարյան հատումն է եղել: Նա մեզ մոտ տեղափոխվել էր շրջանից, ծանր վիճակով: Երեխան ծնվել է անհաս, հաջորդ օրն արդեն վիճակը ավելի է վատացել. ունեցել է շնչարգելություն, հեւոց, կապտություն, եւ պարզվել է, որ լեյկոցիտների քանակը 50 հազար է, նորման 5 հազար է, սա կարող է ծանր ներարգանդային ինֆեկցիայի հետեւանք լինել»,- ասել էր նա:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:




























