Ապրիլի 7-ից Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը խստացվել է։ Զննման կենթարկվի Շենգենյան գոտու սահմանը հատող յուրաքանչյուր անձ, այդ թվում՝  ԵՄ անդամ երկրների քաղաքացիները։ Այս միջոցառումներն ընդունված են ահաբեկչության դեմ առավել արդյունավետ պայքարի համար, հաղորդում է «Ռադիո Լեհաստան»-ը։

Այսպիսով, ԵՄ անդամ-երկրների քաղաքացիները կորցրել են իրենց առավելությունը, չէ՞ որ նախկինում մանրազնին զննման են ենթարկվել միայն այլ պետությունների քաղաքացիները։ Այժմ յուրաքնաչյուր սահման հատողին կստուգեն հետախուզվող անձանց հատուկ բազայում, ինչպես նաեւ Ինտերպոլի բազայում։ Դա նշանակում է, որ հավանական է, սահմանային անցակետերում ու օդանավակայաններում հերթեր գոյանան։

Շենգենյան գոտու սահմանների խստացված վերահսկողություն է պահանջել Ֆրանսիան՝ 2015-ի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։ Մանրազնին վերահսկողություն սահմանելու աշխատանքներն արագացան 2016-ի մարտին՝ Բրյուսելի ահաբեկչություններից հետո։