Սկսվել են ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Ռեքս Թիլերսոնի բանակցությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ներածական խոսքից հետո հանդիպումը կշարունակվի փակ ռեժիմով, որի արդյունքները Լավրովը եւ Թիլերսոնը կամփոփեն մամուլի ասուլիսի ժամանակ: Հանդիպման տեւողությունը հստակ որոշված չէ, սակայն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ԱԳ նախարարների բանակցությունները սովորաբար մի քանի ժամ են տեւում եւ հաճախ ավարտվում են գիշերը:

Լավրովը եւ Թիլերսոնը քննարկելու մեծ թվով թեմաներ ունեն: Առաջին հերթին՝ ապրիլի 7-ին ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետեւանքով Սիրիայի շուրջ իրավիճակի սրումը, իրավիճակը մերձավորարեւելյան մյուս երկրներում՝ Իրաքում, Լիբիայում, Եմենում: Սպասվում է, որ կողմերը կանդրադառնան նաեւ Կորեական թերակղզում անվտանգության հարցերին, Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը եւ երկկողմանի հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:

Բանակցություններն ընթանում են ՌԴ ԱԳՆ-ի առանձնատանը (Զինաիդա Մորոզովայի պատմական առանձնատունը), որն իր պատմության ընթացքում քանիցս եղել է ռուս եւ ամերիկացի դիվանագետների պատմական հանդիպումների վայրը:

1941 թվականի սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները այստեղ քննարկել են Գերմանիայի դեմ պայքարում Խորհրդային Միությանը ռազմատնտեսական օգնություն ցուցաբերելու հարցերը, իսկ 1943 թվականի հոկտեմբերի 19-30-ը ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկրորդ ճակատ բացելու հեռանկարները: