Կաունասի եւ Հայաստանի շրջաններից մեկի միջեւ հանագործակցություն կհաստատվի: Այս մասին նշվել է ապրիլի 11-ին, Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի եւ Կաունասի քաղաքապետ Վիսվալդաս Մատիյոսայտիսի հանդիպման ժամանակ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Տիգրան Մկրտչյանի եւ Կաունասի քաղաքապետ Վիսվալդաս Մատիյոսայտիսի հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Լիտվայի միջեւ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, փորձի փոխանակման հնարավորությունը՝ տնտեսության զարգացման, զբոսաշրջության աճի ապահովման, առեւտրային եւ մշակութային կապերի հաստատման, ծառայությունների մատուցման եւ այլ բնագավառներում։

Հանդիպմանը նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի շրջաններից որեւէ մեկի եւ Կաունասի միջեւ համագործակցության հաստատման շուրջ։

Զրուցակիցները կարեւորեցին գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունը քաղաքապետերի եւ մարզպետերի հնարավոր փոխայցելությունների շրջանակներում։

Նշենք, որ Կաունասը Լիտվայի 2-րդ ամենամեծ քաղաքն է, բնակչությունը՝ շուրջ 306.000։ Կաունասի շրջանը համարվում է Լիտվայի կրթական, արդյունաբերական եւ տրանսպորտային կենտրոնը։