Ամեն ինչ ի վերուստ էր։ Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ–ական, «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Վարդան  Ղուկասյանը NEWS.am–ի հետ զրույցում այսպես է արձագանքել իր պատգամավոր ընտրվելու հնարավորությանը։

«Ձեր լրատվության մոտ ես ընդհանրապես ձայներ չունեմ, բայց ժողովուրդը ընտրեց, ժողովուրդը տեսավ իմ կատարած աշխատանքները, եղան մարդիկ, որ գնահատեցին իմ աշխատանքները։ Ամեն ինչ ի վերուստ է, այո, էս դեպքում էլ ամեն ինչ ի վերուստ էր»,–ասաց Վարդան Ղուկասյանը։

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ «Ծառուկյան» դաշինքի  տարածքային թեկնածուները, որոնք անցողիկ քվեներ են ստացել, սակայն Ծառուկյանի հրահանգով  ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել, որպեսզի Ծառուկյանը որոշի՝ ով է մանդատ ստանալու, ով՝ ոչ, վարդան Ղուկասյանն ասաց. «Դա ինչ կապ ունի հիմա... ամեն ինչ կախված է Աստծուց, Աստված ոնց կամեցավ, էդպես էլ կլինի»։

Մեր դիտարկմանը՝ Ծառուկյանի՞ց է  կախված, թե Աստծու կամքից մանդատին արժանանալը, նա արձագանքեց. «Ամեն ինչ կապ ունի Աստծո հետ, յուրաքանչյուր մարդու քայլ  Աստված տեսնում է, ինչ որ կամեցավ, էդպես էլ կլինի»։

Վարդան Ղուկասյանը համարում է, որ Ազգային ժողովում շատ անելիք ունի, սակայն դրանց մասին չի շտապում բարձրաձայնել. «Մի քիչ  համբերեք, կգա ժամանակը եւ կտեսնեք»,–ամփոփեց նա։