Հայաստանը դեռ մեծ անելիք ունի ընտրությունների նկատմամբ վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, «Ազատություն» ռադիոկայանի եթերում նշել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսոնը: 

Նրա խոսքով, թեեւ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են, բայց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը շարունակում է իր աշխատանքը Հայաստանում, հետևում հետընտրական զարգացումներին, խմբագրում ընտրությունների մասին հրապարակվելիք վերջնական զեկույցը:

«Հիմա մենք գիտենք ավելին, քան գիտեինք ընտրությունների ժամանակ, բայց դեռ շատ վաղ է ընդհանրացնելը, թե ինչ ենք մենք տեսել. մեր վերլուծաբաններն աշխատում են զեկույցի նյութի վրա»,- ասաց Յան Պետերսոնը՝ հավելելով, որ իրենց վերջնական զեկույցն այնքան էլ շատ չի տարբերվի նախնական զեկույցից:

Դիտարկմանը, թե կարելի՞ է ընտրությունները լավը համարել, եթե չկա հասարակական վստահություն այդ գործընթացի նկատմամբ, Պետերսոնը արձագանքեց. «Ժողովրդավարությունը մեծամասնության կամքի մասին է, եւ ընտրություններում լինում են հաղթողներ եւ պարտվողներ: Մենք այստեղ ենք ընտրությունները գնահատելու միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք գնահատում ենք յուրաքանչյուր տարր, մենք նշել ենք, որ կա վստահության պակաս եւ դրան պետք է ուշադրություն դարձնել: Նոր ընտրական օրենսգրքով որոշ ընտրական գործընթացներ շատ լավ ընթացան, բայց դեռ ավելի կա անելու»:

Դիտարկմանը, որ այս ընտրությունները ինչ-որ առումով քննություն էին Հայաստանի համար ԵՄ-ի հետ աշնանը նոր համաձայնագիր կնքելուց առաջ,  մենք հանձնեցի՞նք քննությունը, Պետերսոնը պատասխանեց. «Դա պետք է հարցնեք ԵՄ-ին: Մենք այստեղ ենք որպես չեզոք դիտորդներ, եւ չենք պատրաստվում քաղաքական ենթադրություններ անենք: Քաղաքական հետեւությունները մեր զեկույցում տեղ չեն գտնի»:

Հարցին, թե նախնական զեկույցում նշել են, որ ապրիլի 2-ի ընտրությունները «լավ կազմակերպված» են եղել, բայց արձանագրել են նաև ձայների ուղղորդման, ընտրողների վրա ճնշումների և այլ խախտումների մասին, արդյոք դրանք չե՞ն ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա, Յան Պետերսոնը պատասխանեց, թե իրենց խնդիրն է գնահատել ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխանությունը, ուստի զեկույցը պարունակելու է հարցերի պատասխանները, թե ինչն է լավ ու ինչն այնքան էլ լավ չէ:

«Մենք գնահատում ենք համաձայն այն պարտավորությունների, որոնք ստանձնել են ԵԱՀԿ անդամները, այդ թվում՝ Հայաստանը»,-ասաց Յան Պետերսոնը:

Ինչ վերաբերում է դպրոցի ուսուցիչների հետ կապված աղմկահարույց միջադեպին, երբ նրանք աշխատում էին ՀՀԿ օգտին, ապա դիտորդական առաքելության ղեկավարն ասաց. ««Այո, լսել ենք դրա մասին, որի մասին հիշատակել ենք մեր նախնական զեկույցում, բայց վերջնական արդյունքների մասին կդժվարանամ խոսել, քանի դեռ չի ավարտվել, ժամանակ է պետք գնահատական տալու համար, որովհետև իրադարձությունները դեռ զարգանում են»: